ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը հայտարարել է, որ Հայաստանում բազմաբնակարան շենքերի 3,2%-ի (600-ից ավելին) վիճակը գնահատվել է անբավարար։ Նա հավելել է, որ Հայաստանում բազմաբնակարան շենքերն իրենց կյանքի 50%-ն արդեն ապրել են։ Տանյա Արզումանյանը հայտնել է նաեւ, որ Հայաստանում բազմաբնակարան 19 հազար 120 շենք կա, որոնց մեջ գերակշռող են քարե շենքերը. բազմաբնակարան շենքերի 69%-ը քարե շինություններ են, 23%-ը՝ պանելային, 7-ը` մոնոլիտ, 1%-ն էլ այլ նյութերից են կառուցված։
«Ի դեպ, 1990-ից հետո մեր ունեցած բազմաբնակարան շենքերի 16%-ն է կառուցվել միայն, իսկ քարե շենքերի կյանքի միջին տեւողությունը 100-120 տարի է։ Այսինքն` մեր ունեցած շենքերը հիմնականում կա՛մ իրենց կյանքի կեսին են հասել, կա՛մ էլ հատել են այդ շեմը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Արզումանյանը։ Նա տեղեկացրել է նաեւ, որ կառավարությանն է ներկայացվել բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու նախագիծ։ Այնտեղ պարբերաբար բանկֆոնդի վիճակի մասին ինֆորմացիան կթարմացվի եւ հասանելի կլինի տեղեկատվություն փնտրողներին. օրինակ՝ անշարժ գույքի շուկայում ինչ-որ գործարք անելիս կկարողանան ծանոթանալ դրա վիճակին։ Ըստ Արզումանյանի` 1200-ը գերազանցող անհատական տներ կան, որոնք անբավարար վիճակում են, այսինքն` քանդման ենթակա են։ Պաշտոնյան նշել է, որ անբավարար վիճակում գտնվող բազմաբնակարան շենքերի հիմնական մասը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում են։
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ ավելի վաղ ներկայացրած փորձագիտական գնահատականներով` Հայաստանում կան վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք եւ վնասվածության 3-րդ աստիճանի 524 շենք։