Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ տրանսանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը մոտ ապագայում կկրկնապատկվի: Թուրք նախարարի գնահատմամբ՝ TANAP-ը, որը կարեւոր ենթակառուցվածք է ադրբեջանական գազը Թուրքիա եւ հետագայում Եվրոպա տեղափոխելու համար, ներկայում ունի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր հզորություն։ «Մոտ ապագայում մենք կկրկնապատկենք այդ կարողությունները, ինչից կշահեն թե՛ Թուրքիան, թե՛ մեր հարեւանները»,- ասում է Դոնմեզը։ Ըստ նրա՝ Թուրքիան այն երկրներից է, որը պատասխանատու է սեփական եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման համար։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ տրանսանատոլիական TANAP գազատարը, որի ընդհանուր արժեքը գրեթե 7 միլիարդ դոլար է, Շահդենիզ հանքավայրի շահագործման երկրորդ փուլի շրջանակում ապահովում է ադրբեջանական գազի փոխադրումը վրաց-թուրքական սահմանից դեպի Թուրքիայի արեւմտյան սահման։ TANAP-ի նախնական հզորությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է։ Գազատարն ունի ռեսուրսներ ապագայում իր թողունակությունը հասցնելու 31 միլիարդ խորանարդ մետրի։ Մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվում Թուրքիա, իսկ մնացած ծավալը՝ Եվրոպա։