Երեւանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կնշվի Հայաստանի Հանրապետության արխիվի 100-ամյակը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023 թվականների շրջափուլում հաստատվել է Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի ներկայացրած առաջարկը, որի իրագործման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ 2022-ի սեպտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարության հաշվին է փոխանցել մոտ 26 հազար դոլարին համարժեք 10 միլիոն 625 հազար 90 ՀՀ դրամ: Ըստ այդմ` փոփոխություններ, լրացումներ է կատարվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում։
«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովը նպատակաուղղված է արխիվային ոլորտում մշակութային քաղաքականության զարգացմանն ու արդիականացմանը՝ հիմք ընդունելով Արխիվների միջազգային խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ փաստաթղթերը։ Գիտաժողովի նպատակը ազգերի մշակութային ժառանգությունը եւ հազարամյակների պատմությունը ամրապնդելն ու պաշտպանելն է։ Համաժողովը տեղի է ունենալու Երեւանում նոյեմբերի 27-29-ը՝ պլենար նիստերի եւ պանելային քննարկումների ձեւաչափով, առանցքային զեկույցներով եւ բաց բանավեճերով: Գիտաժողովին հրավիրված են 32 առաջատար արխիվագետներ, փորձագետ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, Եվրասիայի անդամ երկրներից, ԱՊՀ, Եվրոպական, Ասիական երկրներից։