Անոմալ շոգի պատճառով հրդեհներ են մոլեգնում Իտալիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում։ Ի հակադրություն դրա՝ Սլովենիայում եւ Դանիայում ջրհեղեղներ, անձրեւներ եւ փոթորիկներ են։
Իտալիա
Սարդինիա կղզում սաստիկ հրդեհներ են բռնկվել. հրշեջների աշխատանքը բարդացնում է Միջերկրական ծովի ուժեղ քամին։
Հաղորդվում է, որ մեկ հրշեջ վիրավորվել է ճամբարի տարհանման ժամանակ, որը հետագայում ոչնչացվել է հրդեհից:
Պորտուգալիա
Երկուշաբթի Պորտուգալիայում 130 հրդեհների դեմ պայքարել է ավելի քան 3400 փրկարար: Երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։ Իշխանություններն ասում են, որ առաջիկա օրերին անտառային հրդեհների վտանգը կմնա «շատ բարձր կամ առավելագույն բարձր ամբողջ երկրի տարածքում»:
Սլովենիա
Սլովենիայում ջրհեղեղների եւ հորդառատ անձրեւների հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի:
Վարչապետ Ռոբերտ Գոլոբն այն անվանել է վերջին երեք տասնամյակի ամենավատ բնական աղետը:
Երկուշաբթի փրկարարները փորձել են բացել ճանապարհները դեպի ամենահեռավոր կամ մեկուսացված վայրեր։ Կառավարության տվյալներով՝ տարերքների վնասը կգերազանցի կես միլիարդ եվրոն։
Դանիա
Դանիայում անսովոր խոնավ հուլիսից հետո եղանակը դեռ ավելի շատ աշուն է հիշեցնում, քան ամառ:
Կիրակի սկսված անձրեւն ու փոթորիկը երկուշաբթի հասել են մայրաքաղաք Կոպենհագեն։
Առավել ծանր պայմաններ են սպասվում Հյուսիսարեւմտյան Յուտլանդում եւ Կատեգատում, որտեղ քամու պոռթկումները կհասնեն փոթորկի ուժգնության: