Իսլամիստներն ատելություն են հրահրում TikTok-ում եւ Instagram-ում: Ըստ գերմանական BILD պարբերականի՝ նման եզրակացության են հանգել Գերմանիայի հակահետախուզությունում: Նրանք նշում են, որ սոցիալական ցանցերի միջոցով իսլամիզմի գաղափարախոսությունը հատկապես տարածված է գերմանացի երիտասարդների շրջանում, եւ պատմում են Գերմանիայում սալաֆիականության «տիկտոկիզացման» մասին։ TikTok-ի կարճ տեսանյութերը հաճախ հղում են անում YouTube-ում ավելի մեծ դասախոսությունների, որտեղ «շատ ավելի խոր եւ մանրամասն սալաֆիական բովանդակություն է ներկայացվում»:
Իսլամում սալաֆիականության շարժման հետեւորդները ձգտում են ապրելու վաղ մահմեդական համայնքի ավանդույթների կանոններով: Միեւնույն ժամանակ, ֆունդամենտալիզմի իսլամական շատ հետեւորդներ իրենց պարտքն են համարում «մաքրել» իսլամը՝ վերադարձնելով այն սկզբունքներին, որոնք գերակշռում էին Մուհամեդ մարգարեի եւ չորս «արդար խալիֆների» (Աբու Բաքր, Օմար, Օսման եւ Ալի) օրոք:
«Չպետք է թերագնահատել, որ երիտասարդներն իրենք հաճախ որոշիչ դեր են խաղում այլ երիտասարդների արմատական գաղափարներ ներշնչելու գործում»,- ասված է հետախուզական գործակալության զեկույցում:
Գերմանիայում շատ արմատական քարոզիչներ զրկվել են մզկիթներում աշխատելու իրավունքից եւ հատուկ ծառայությունների հսկողության տակ են: Փոխարենը նրանք թափանցում են սոցիալական ցանցեր, որտեղ լսարանը տասնյակ հազարների է հասնում։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո նրանցից շատերը անցան ՀԱՄԱՍ-ի կողմը: Օրինակ՝ հայտնի բլոգեր Արաֆաթ Աբու-Չակերը (250 հազար հետեւորդ Instagram-ում եւ 62 հազար՝ TikTok-ում), Իսրայելի վրա հրթիռային հարձակումների քարտեզը զետեղելով սոցցանցի story-ում, գրել է. «Ինձ դուր է գալիս սա նայելը»:
Իսլամի մասնագետ Ահմադ Օմեիրաթը բացատրել է BILD-ին, որ շատ երիտասարդներ չեն վստահում ավանդական լրատվամիջոցներին՝ համարելով, որ դրանք արտացոլում են իշխող էլիտաների տեսակետները. «Նրանք կարծում են, որ ավանդական լրատվամիջոցները ղեկավարվում են սիոնիստները կամ հրեաները: Սա հակասեմիտական դավադրության տեսություն է: Դրա համար էլ հնարավորինս խուսափում են նշված լրատվամիջոցներից»։