Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 10-ին հանրության լայն շրջանակին է ներկայացվել «Եղիշե Չարենց. Մատենագիտություն» ստվարածավալ գիրքը: Մատենագիտության Ա պրակը ներառում է Չարենցի՝ 1914-ից մինչեւ 2022-ը հրատարակված գրքերը։ Այն դեռ Չարենցի 100-ամյակին պետք է պատրաստվեր, սակայն ինչ-ինչ պատճառներով նախաձեռնությունը կյանքի չի կոչվել: Վերջապես, մեծ գրողի 125-ամյակի առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Ազգային գրադարանի մատենագիտության բաժնի աշխատակիցների եւ հրատարակության պատասխանատու խմբագիր Հայկանուշ Ղազարյանի ջանքերով հնարավոր է եղել երկու տարվա ընթացքում կազմել եւ հրատարակել գիրքը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը գրքի շնորհանդեսի կապակցությամբ իր ելույթում ընդգծել է մարդու եւ գրքի ընդհանրությունը. մարդը լույս աշխարհ է գալիս, իսկ գիրքը լույս է տեսնում, երկուսն էլ լույս են բերում: Չուլյանը նշել է, որ ցանկացած գիտական հետազոտություն սկսում եւ ավարտվում է մատենագիտությամբ, եւ պատահական չէ, որ Հայաստանի ազգային գրադարանի գերակա ուղղությունը մատենագիտությունն է:
Նա հիշեցրել է, որ 1937 թվականին գրադարանը սկսել է իր հրատարակչական գործունեությունը, որի 85-ամյակը նշվեց 2022-ին: Տնօրենն ընդգծեց, որ 85 տարվա ընթացքում գրադարանի հրատարակած գիտական, մատենագիտական արտադրանքը այժմ թվայնացվում է։ Աննա Չուլյանը հավելել է, որ Ազգային գրադարանի կայքում շտեմարանները համալրվել են նոր թվային պահոցով: «Կայքում այսօր կարող եք տեսնել մեր մատենագիտությունները, հրատարակչական գործունեությունը, որն իրականացվել է հինգ ուղղությամբ, կենսամատենագիտությունը, որոնց ցանկում շատ շուտով կտեսնեք նաեւ Չարենցի մատենագիտության էլեկտրոնային տարբերակը՝ հավելումներով: Կներկայացվի նաեւ այն նյութը, որը ծավալի պատճառով չենք կարողացել զետեղել գրքում»,- շեշտել է գրադարանի տնօրենը:
Մատենագիտության ստեղծման գործում մեծ դերակատարություն ունի հրատարակության պատասխանատու խմբագիր, Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը: Նա 2021-ի հունիսից սկսել է աշխատել գրքի վրա եւ 2023-ի օգոստոսին ավարտելով կարողացել է մեկ հարթակում հավաքել Չարենցին վերաբերող հսկայածավալ ու կարեւորագույն նյութերը: Ըստ Ղազարյանի՝ մատենագիտությունն ունի հետաքրքիր կառուցվածք, որն է՝ Եղիշե Չարենցի գրքերը, Չարենցի կազմած ու խմբագրած գրքերը, նրա թարգմանած գրքերը, Չարենցի մասին գրքերը եւ օժանդակ ցանկեր:
Ազգային գրադարանում Չարենցի Մատենագիտության շնորհանդեսն ուղեկցվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի՝ Չարենցի բառերով ստեղծած իր երգի գեղեցիկ կատարմամբ եւ գրականության ցուցադրությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են Ազգային գրադարանի հարուստ հավաքածուներից Եղիշե Չարենցի կյանքի ընթացքում հրատարակված գրքերը, Չարենցի՝ Պետհրատում աշխատած տարիներին նրա խմբագրությամբ եւ նշանավոր նկարիչ-ձեւավորողների՝ Հակոբ Կոջոյանի, Մարտիրոս Սարյանի, Միքայել Արուտչյանի, Տաճատ Խաչվանքյանի ձեւավորմամբ գրքերը, Չարենցի 125-ամյակի առթիվ հրատարակված գրքեր եւ շատ այլ նյութեր։