ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 15-ին անցկացվելիք նիստում համաձայնություն է տալու «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ վաճառքի գործարքին: Ըստ Itel.am-ի՝ 2023-ի ապրիլին հանձնաժողովն արգելել էր Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ բացասական եզրակացություն է տվել Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ գործարքը վնասում է կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերն ու ազգային անվտանգությունը։
Հանձնաժողովից հայտնել են, որ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ն նոյեմբերի 3-ին դիմել է իրենց՝ տեղեկացնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:
Որոշման նախագծում նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի կնքման վերաբերյալ առարկություններ չունեն: