Իրանի հարցով ԱՄՆ հատուկ հանձնակատար Աբրամ Փեյլին տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել է Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։ Այս մասին դիվանագետը գրել է X-ի իր էջում։
Երեւանում ունեցած հանդիպումների մասով Փեյլին գրել է․ «Բովանդակալից հանդիպումներ ունեցա Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի, Ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական բանկի եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ Իրանի, սահմանների անվտանգության, պատժամիջոցների կիրառման եւ Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հարցերով»։
Դիվանագետի փոխանցմամաբ Թբիլիսում հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի փոխնախարարի, Վրաստանի Ազգային բանկի եւ մասնավոր հատվածի հետ, որի ընթացքում քննարկման թեման կրկին կենտրոնացված է եղել Իրանի, մարդու իրավունքների եւ պատժամիջոցների շարունակական կիրառման կարեւորության վրա:
Բաքվում էլ Փեյլին հադնիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադայի եւ բանկային հատվածի ներկայացուցիչների հետ։
ԱՄՆ հատուկ ներկայացուցչի խոսքերով Ադրբեջանում քննարկումները վերաբերվել են Իրանի դեմ պատժամիջոցներին եւ տարածաշրջանային հարցերին։
Բացի այս ամերիկացի դիվանագետը Բաքվում նաեւ հանդիպել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ, որի ըթացքում իր խոսքերով քննարկվել է «տարածաշրջանում իրանական ռեժիմի ապակայունացնող դերակատարման շուրջ մտահոգությունները լուծելու համար փոխգործակցությունը»։