Անընդհատ զարգացող թվային դարաշրջանում կարճ հոլովակները, ինչպիսիք են TikTok-ը, Instagram Reels-ը եւ YouTube Shorts-ը, հեղափոխել են բովանդակության սպառման ձեւը: Տեսանյութերը, որոնք հաճախ տատանվում են մի քանի վայրկյանից մինչեւ մեկ րոպե, գրավում են միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ առաջարկելով զվարճանքի, կրեատիվության, ինչպես նաեւ պարզ ու ընկալելի, սակայն ինչ-որ տեղ կիսատ գիտելիքի համադրություն:
Ինչո՞ւ ենք թերթում կարճ հոլովակները։ Ինչպե՞ս է այն ազդում մեր ուղեղի վրա։ Կախվածությո՞ւն է, թե՞ այլ ազդեցություն էլ կա։
Կարճ տեսանյութերի արագ բնույթը պահանջում է շտապ ուշադրություն: Անկախ նրանից, դա TikTok-ի պարային առօրյան է, թե արագ GRWM (Get Ready With Me) Reels-ում, կամ պարզապես օճառ կտրտելու հոլովակ։ Սակայն վիրուսային պարերի ու մեմերի տակ աճող մտահոգություն է թաքնված՝ բացասական ազդեցությունը ուշադրության տիրույթի վրա, ինչպես նաեւ կախվածությունը կարճ հոլովակներից։
Ինչո՞ւ ենք անդադար թերթում
Հասկանալու համար, թե ինչպես են կարճ հոլովակները կախվածություն առաջացնում, պետք է հիշենք, թե ինչպես է աշխատում մեր դոֆամինային համակարգը:
Դոֆամինը քիմիական նյութ է, որն ուղեղն արտազատում է, երբ մենք սպասում ենք հաճույքի, ակնկալում որեւէ պարգեւատրում ստանալ կամ ինչ-որ հաճելի բան ենք անում: Տեսանյութեր դիտելիս առաջացած դոֆամինը հաճույքի զգացում է առաջացնում եւ ստիպում է շարունակ թերթել դրանք:
Նյարդահոգեբան դոկտոր Սանամ Հաֆիզը բացատրում է. «Երբ դուք թերթում եք եւ հանդիպում եք ինչ-որ բանի, որը ստիպում է ձեզ ծիծաղել, ձեր ուղեղը ստանում է դոֆամինի հարված: Երբ տեսնում եք ինչ-որ բան, որը ձեզ դուր չի գալիս, կարող եք արագ անցնել մեկ այլ հոլովակի, որն ավելի շատ դոֆամին է առաջացնում»:
Կրկնելով այս ցիկլը, ի վերջո մարզում եք ձեր ուղեղը, որ այն ցանկանա տեսնել ավելի կարճ բովանդակություն եւ շարունակի ստանալ արագ պարգեւներ: Շատ հաճախ օգտատերերն արագ թերթելիս մոռանում են նախորդ հոլովակների բովանդակությունը։
Հետազոտություններն այն մասին, թե ինչպես է TikTok-ն ազդում ուղեղի վրա, դեռ վաղ փուլերում են, սակայն գիտական հետաքրքրությունն այս առումով աճում է:
Չինացի եւ ամերիկացի հետազոտողների վերլուծությունը ցույց է տալիս, որ TikTok-ի եւ YouTube Shorts-ի տեսանյութերը դիտելիս օգտատերերն ունենում են «էմոցիոնալ կարճ պոռթկումներ», որն էլ կարող է հանգեցնել կախվածության:
Արդյո՞ք սոցիալական մեդիան փորձում է լուծել խնդիրը
Որոշ սոցիալական մեդիա ընկերություններ փորձել են կիրառել գործառույթներ՝ սահմանափակելու հավելվածների չափից ավելի օգտագործումը:
TikTok-ն արդեն փոփոխություններ է կատարել՝ օգնելու դեռահասներին կառավարել տեսանյութերը թերթելու իրենց ժամանակը: Պլատֆորմը արգելում է push ծանուցումները երեկոյան 21։00-ից հետո 13-15 տարեկան օգտատերերի համար, իսկ 16-17 տարեկան օգտատերերի push ծանուցումները կանջատվեն երեկոյան 22-ից սկսած:
Google-ը, որին պատկանում է Youtube-ը, արդեն ունի 18 տարեկանից ցածր մարդկանց օգտագործումը սահմանափակող գործառույթներ, ինչպիսիք են երեխաների եւ դեռահասների համար ավտոմատ նվագարկումն անջատելը, ինչպես նաեւ ընդմիջման կամ քնելու մասին ավտոմատ հիշեցումներ ավելացնելը, որոնք ակտիվ են նաեւ 13-17 տարեկան օգտատերերի համար:
Ի՞նչ անել
Կախվածությունն այդ կարճ տեսանյութերից ձեւավորում է այն հույզերը, որոնք ստանում ենք տեսանյութերը դիտելիս։
Պետք է պարզապես հասկանալ, թե ինչն է քեզ ավելի շատ գրավում։ Եթե շների ու կատուների հոլովակները, կարող ես դուրս գալ ու կենդանիների հետ խաղալ, հաստատ ավելի շատ էմոցիաներ կստանաս, քան պարզապես տանը պառկած հոլովակներ դիտելիս։ Իսկ եթե այն հայտնի պարային թրենդներն եք նայում եւ փորձում կրկնել, միացրեք երաժշտություն ու պարեք, առանց տիկտոկի, ռիլսերի ու մնացածի։ Եթե ինքդ չես կարողանում պայքարել կախվածության դեմ, ծրագիրը հնարավորություն է տալիս ժամային սահմանափակումներ ավելացնել։
Նկատի ունեցիր, որ քո կյանքի տերը դու ես, եւ ոչ թե այդ կարճ հոլովակները։ Այդ բովանդակությունը ստեղծող բլոգերները դրանցով գումար են վաստակում: Իսկ դու կորցնում ես ամենաարժեքավորը՝ քո ժամանակը։
Աստղիկ Հովհաննեսով