Իսրայելի անվտանգության կաբինետի ապրիլի 4-ի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է Իրանի կողմից ռազմական հարվածներ հասցնելու հավանականությունը՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության հրթիռակոծմանը որպես պատասխան: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Ըստ Ynet պորտալի, անվտանգության կաբինետի նիստի ավարտին նշվել է, որ Իսրայելի պաշտպանական ուժերը պատրաստ են Իրանի շուրջ իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական։
Հանդիպման սկզբում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երկար տարիներ Իսրայելի դեմ գործել է թե՛ ուղղակիորեն, եւ թե՛ իր պրոքսիների ուժերի միջոցով, հետեւաբար իսրայելական կողմը գործելու է Թեհրանի դեմ եւ՛ պաշտպանական, եւ՛ հարձակողական եղանակներով։
«Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանել մեզ, եւ մենք գործելու ենք մի պարզ սկզբունքով. նրանք, ովքեր հարձակվում են մեզ վրա կամ ծրագրում են հարձակվել, մենք կհարձակվենք նրանց վրա»,-ասել է Նեթանյահուն։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նույն օրը հայտարարել էր, որ «բոլոր ճակատներում» բանակը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում եւ պատրաստ է ցանկացած զարգացման: Նրա խոսքերով իսրայելական բանակը բոլոր անհրաժեշտ ուղղություններով ուժեղացրել է ստորաբաժանումները, ՀՕՊ համակարգերը, իսկ ռազմաօդային ուժերը պատրաստ են թե՛ հարձակողական, եւ թե՛ պաշտպանական գործողությունների։ Նա ընդգծել է, որ բանակը «շարունակաբար գնահատում է իրավիճակը» եւ «լրջորեն է վերաբերվում բոլոր մեղադրանքներին եւ իր բոլոր թշնամիներին»։
Ապրիլի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի X-ի էջում տեղադրվել էր եբրայերեն գրառում, որտեղ նա խոստանում էր, որ Իսրայելին կստիպի զղջալ Դամասկոսում իրանական հուպատոսության շենքը հրթիռակոծելու համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրանական հյուպատոսության շենքին հասցված հարվածի հետեւանքով զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնց թվում եղել էին գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։