Սպիտակ տունը Իսրայելին կոչ է անում արագացնել դեպի Գազայի հատված հումանիտար նոր ուղիների բացման գործընթացը, որի մասին ապրիլի 4-ին հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից World Central Kitchen բարեգործական կազմակերպության աշխատակիցների մեքենայի թիրախավորումից հետո:
Իսրայելական կողմը մտադրություն է հայտնել հումանիտար բեռների տեղափոխման համար ժամանակավորապես բացել Աշդոդ նավահանգիսը եւ Գազայի հատվածի հյուսիսում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո փակված «Էրեց» անցակետը։ Բացի այս նախատեսվում է նաեւ կրկնապատկել «Կերեմ Շալոմ» անցակետով Հորդանանից Գազա առաքվող հումանիտար բեռների ծավալները։
«Օգնության ավելացումը կօգնի կանխել հումանիտար ճգնաժամը։ Եվ դա չափազանց կարեւոր է ռազմական գործողությունների շարունակման եւ պատերազմի նպատակներին հասնելու համար»,- The Times of Israel-ի փոխանցմամբ ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի նախօրեին՝ ապրլի 5-ին, տարածված հայտարարության մեջ։
Սպիտակ տունն իր հերթին ողջունել է հայտարարված քայլերը եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ իրականացնել դրանք։
«Մենք ողջունում ենք այսօր երեկոյան Իսրայելի կառավարության հայտարարած քայլերը, որոնք կատարվելու են նախագահի (Ջո Բայդենի) խնդրանքով՝ Իսրայելի վարչապետ [Բենիամին] Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո»,-ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ Իսրայելի հայտարարած նպատակները «այժմ պետք է ամբողջությամբ եւ արագորեն իրագործվեն»։
Reuters-ն էլ գրում է, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը նրան կոչ է արել «առաջիկա ժամերին եւ օրերին» նոր միջոցներ ձեռնարկել՝ Գազայի հատվածում մարդասիրական կազմակերպությունների աշխատողներին եւ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար։
Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բայդենը վարչապետ Նեթանյահուին «պարզաբանել է, որ Իսրայելը պետք է իրագործի մի շարք հստակ ու նախանշված քայելր, որոնք ուղղված կլինեն քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասի եւ հումանիտար տառապանքի կանխարգելմանը, ինչպես նաեւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգության ապահովմանը»։
Գործակալությունը նշում է, ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ Իսրայելի կողմից հումանիտար միջոցների ապահովումը պետք է հիմք դառնա Գազայում ռազմական գործողություններին Վաշինգտոնի հետագա աջակցության համար։ Ըստ Reuters-ի սա Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու թեման որպես հնարավոր ճնշման լծակ օգտագործելու Վաշինգտոնի առաջին փորձն էր։