Թուրքիան կսահմանափակի որոշակի ապրանքների արտահանումը Իսրայել, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հայտարարվել։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի առեւտրի նախարարության հայտարարությանը։
Սահմանափակումները կվերաբերվեն 54 տարբեր կատեգորիաների արտահանվող ապրանքներին, որոնց թվում կլինեն՝ երկաթը, մարմարը, պողպատը, ցեմենտը, ալյումինը, աղյուսները, պարարտանյութերը, շինարարական սարքավորումները, ավիացիոն վառելիքը եւ այլն։
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ Իսրայելը մերժել էր Անկարայի խնդրանքը՝ մասնակցելու Գազայի հատված մարդասիրական օգնություն օդանավով տեղափոխելուն։
Անկարայի հայտարարած սահմանափակումները ուժի մեջ կմտնեն այսօր՝ ապրիլի 9-ին։
«Այս որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը, միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, շտապ չհայտարարի հրադադար Գազայի հատվածում եւ թույլ տա, որ բավարար մարդասիրական օգնությունն անարգել մատակարարվի Գազայի հատված»,-ասվում է հայտարարության տեքստում։
Թուրքիայի Արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալների համաձայն թեեւ Իսրայելի հետ առեւտուրն նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից նվազել է, սակայն 2024-ին Իսրայել արտահանումն աճ է գրանցել յուրաքանչյուր ամիս՝ մարտին կազմելով 423,2 միլիոն դոլար։