Իրանը եւս մեկ անգամ զգուշացնում է, որ Հարավային Կովկասը արտատարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի չպետք է վերածել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Եվորպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հանդիպման մասին հարցին։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար:
«Տնտեսական համագործակցության ամրապնդումը եւ հաղորդակցության ընդլայնումը արդյունավետ դեր են խաղում կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման եւ տնտեսական զարգացման գործում»,-ասել է խոսնակը եւ կարեւորել նաեւ 3+3 խորհրդատվական մեխանիզմի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: