Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները «դեմիլիտարիզացիայի» գործընթացի մաս են կազմում, քանի որ դրանք ազդում են երկրի ռազմարդյունաբերական համալիրի վրա։ Այս մասին ապրիլի 11-ին նա հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է TACC-ը։
«Եթե ամեն ինչ վերադառնում է այն հարցերի լուծմանը, որոնց մասին մենք ի սկզբանե խոսում էինք, ապա էներգետիկ ոլորտում դրանք նույնպես կապված են մեր առջեւ դրված խնդիրներից մեկի լուծման հետ՝ դա դեմիլիտարիզացիան է։ Առաջին հերթին մենք ելնում ենք նրանից, որ այսպիսով մենք ազդում ենք պաշտպանական արդյունաբերության՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վրա, եւ ուղղակիորեն»,-ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը «ստիպված էր» պատասխանել Ուկրաինայի կողմից իր էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներին, թեեւ ձմռանը դա չարեց՝ ելնելով «մարդասիրական նկատառումներից»։
«Ցավոք, վերջերս դիտարկեցինք մեր էներգետիկ օբյեկտների վրա իրականացված մի շարք հարձակումներ եւ ստիպված եղանք պատասխանել դրանց: Ելնելով հումանիտար նկատառումներից ձմռանը հարձակումներ չենք իրականացրել, նկատի ունեմ, որ չենք ցանկացել առանց էլեկտրամատակարարման թողնել սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները եւ այլն։ Բայց մեր էներգետիկ օբյեկտներին հարվածելուց հետո մենք ստիպված եղանք պատասխանել»,- մեջբերում է Պուտինի խոսքերը «Интерфакс»-ը։
Ռուսական զորքերը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեծացրել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների ինտենսիվությունը։ Մասնավորապես, գրեթե ամեն օր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքեր ու հրթիռներ են արձակում Խարկովի մարզի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։