Հայաստանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ռազմական կցորդկունենա: Այս մասին գրում է «Արմենպրեսը»՝ հավելելով, որ որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող Հայաստանի պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ եւ կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության եւ առաջնորդության դասընթացները, ինչպես նաեւ բազմազգ խաղաղապահ եւ ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական եւ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:
«Երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը եւ բրիտանական՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ ունենալու անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։
Ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։