Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը իր աշխատակիցներին կարգադրել է «անվտանգության նկատառումներից ելնելով» Երուսաղեմից, Թել Ավիվից եւ Բեր-Շեբա քաղաքներից դուրս չուղեւորվել, գրում է BBC-ն։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ զրույցում չի բացահայտել նման նախազգուշական միջոցների պատճառները՝ հավելելով միայն, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Իսրայելում սպառնալիքներին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտներին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության հրթիռակոծության, որի արդյունքում զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալներ։ Նածագահը հավելել էր, որ այս սպառնալիքների լույսի ներքո Իսրայելին ամերիկյան աջակցությունը կշարունակի մնալ «երկաթե»։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Իսրայելն Իրանից ուղիղ հարձակում է ակնկալում առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Ենթադրվում է, որ հարձակման են ենթարկվելու երկրի հարավը կամ հյուսիսը։ Միեւնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները նշում են, որ իրանական հարձակումը կունենա սահմանափակ ձեւ՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար։