Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ Թուրքիան միացել է Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի նախաձեռնած գործընթացին։ Այս մասին ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ։
«Թուրքիան, վկայակոչելով Դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածը, քարտուղարություն է ներկայացրել Գազայի հատվածում ցեղասպանություն հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի գործին միանալու դիմումը, որը նախաձեռնել է Հարավային Աֆրիկա Իսրայելի դեմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածը նախատեսում է, որ ցանկացած շահագրգիռ պետություն կարող է միանալ գործին, որի դեպքում դատարանի կայացրած որոշումը պարտադիր է դառնում նաեւ այդ պետության համար։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր օգոստոսի 7-ին Հաագայի դատարան բողոքը ներկայացնելու որոշման մասին։
Էրդողանը բազմիցս է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել «ռազմական հանցագործ»՝ հայտարարելով Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների համար նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։
Հարավային Աֆրիկան Իսրայելի դեմ հայցը ներկայացրել է Հաագայի Արդարադատության միջազգային դատարան 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմն իր միջնորդության մեջ խնդրում է դատարանին գտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները ցեղասպանություն են, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ՝ որպես ավելի լայն՝ պաղեստինյան ռասայական եւ էթնիկ խումբի մաս»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը նաեւ խնդրել է դատարանին միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու պաղեստինյան բնակչությանը իրենց իրավունքների հետագա լուրջ եւ անուղղելի խախտումներից։
Դատարանը հունվարի 26-ին որոշում է կայացրել, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար։ Ավելի ուշ դատարանը հայտարարեց նաեւ, որ հրեական պետությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումը Ռաֆահում եւ բաց պահի Ռաֆահի անցակետը պաղեստինցիներին անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։