Արցախի էթնիկ զտումից օրեր առաջ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում բացում էր Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավար, ՀԽՍՀ «ոսկե դարի» մարմնացում Կարեն Դեմիրճյանի արձանը։
Դա «ինքնիշխան», «սուվերեն», «հակառուս» Հայաստանում ՀԽՍՀ «ոսկե դարի» քաղաքական մարմնացման լեգիտիմացումն էր։ Փաշինյանը՝ համաձայնություն տալով արձանի տեղադրմանը եւ անձնամբ բացելով այն, լեգիտիմացրեց թե՛ խորհրդային անցյալը, թե’ հենց ինքն իրեն՝ ակամա հակացնելով, որ ինքը մի նոր Դեմիրճյան է՝ ժողովրդի հայր, հոգատար, հասարակ ժողովրդի ցավերին ու տենչանքին ականջալուր, իմաստուն ու բարի թագավոր։
«Կարեն Դեմիրճյանի կառավարման, Հայաստանի ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից նրա գաղափարը եւ միտքը եղել է Հայաստանի ինդուստրիալիզացիան։ Եթե մենք ուզում ենք խորությամբ հասկանալ Կարեն Դեմիրճյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում` հենց սա պիտի նկատի ունենանք, որովհետեւ նաեւ պիտի հաշվի առնենք, որ արդյունաբերականությունն անհնար կլիներ առանց կրթության ոլորտում մեծ ներդրումների բարեփոխումների»,- նշում էր Փաշինյանը։
Բայց սրանք ոչ թե Դեմիրճյանի, այլ՝ Փաշինյանի եւ նրա կառավարման ոճն ու բովանդակությունը նկարագրող խոսքեր են։ Նա՝ թաքնվելով Դեմիրճյանի կերպարի տակ, խոսում էր ինքն իր մասին։
Ուշադրություն դարձրեք շեշտադրումներին՝ «Կրթության ոլորտում մեծ ներդրումներ, բարեփոխումներ», «Հայաստանը ագրարային երկրից արդյունաբերական երկրի վերածել»։ Եթե կարծում եք, թե տողերիս հեղինակը չափազանցնում է, ապա հետեւյալ հատվածն ուղիղ զուգահեռն է բարի եւ հոգատար Դեմիրճյանի ու Փաշինյանի կերպարների. «Այսօր կարողանում ենք մեծամասշտաբ կապիտալ ներդրումներ անել։ Շատ լուրջ ու իրագործման փուլում գտնվող ծրագիր է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի ստեղծումը, որը, իհարկե, նաեւ մեր գնահատանքի ու հարգանքի տուրքն է Կարեն Դեմիրճյանին»։
Այդու, փաշինյանական Հայաստանի իդեալը այֆոններով ու տիկտոկով «ծյունինգ արած» խորհրդային Հայաստանն է՝ մարդամոտ ու երեւելի բրենդինգով։ Որովհետեւ ՀԽՍՀ եւ խորհրդային մոդելում մարդիկ ուղղակի կախված ու կառավարելի էին իշխանությունից, նրանք ձեռնասուն էին. խոսք չկար ինքնուրույն ու նախաձեռնող քաղաքացի լինելու մասին։
Այս ամենը կարող ենք կոչել ՀԽՍՀ 2.0՝ Մոսկվայից մի քիչ նվազ կախվածությամբ, հարաբերականորեն ազատ ու սեփական ֆինանսներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած անսպառ քարոզչական գործիքներով։
«Կարեն Դեմիրճյանը Խորհրդային Հայաստանում եւ խորհրդային տարիներին երբեք ու երբեք բռնակալ չի եղել: Եվ սա է նրա նկատմամբ ժողովրդի սիրո պատճառներից մեկը։ Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել նրա իմացությունը եւ վերաբերմունքը մշակույթի, գիտության, կրթության նկատմամբ։ Նա ոչ միայն պատմում էր, այլեւ իր վերաբերմունքն էր շարադրում գիտության, կրթության, մշակույթի նկատմամբ, վերաբերմունքը պետության զարգացման կոնտեքստում։ Եվ դա շատ ուսանելի մոտեցում էր»,- հասկացա՞ք։
Դեմիրճյանին (Փաշինյանին) սիրել է ժողովուրդը, նա երբեք բռնակալ չի եղել, իմացություն եւ վերաբերմունք է ունեցել կրթության, գիտության, մշակույթի նկատմամբ։ Այս համատեքստում պարզ է դառնում Փաշինյանի բանաստեղծություն գրելու (փիլիսոփա արքայի, ուսյալ միապետի կերպար), կառավարության շաբաթական նիստերում մենախոսությունների, գեղեցիկի մասին մտորումների տրամաբանությունը։
Ամփոփելով, կարող ենք ասել, որ դա Փաշինյանի երազած Հայաստանի արժեքային համակարգի եւ իդեալների մանիֆեստն էր։ Դա նաեւ, ինչ-որ առումով, ՀՀ երրորդ հանրապետության դելիգիտիմացիան էր՝ հայացքով դեպի ՀԽՍՀ «ոսկե դար» եւ դրա մարմնացում Դեմիրճյան։
Դա, զուգահեռաբար, ավելի գերկենտրոնացման եւ ավելի շատ կենտրոնացված իշխանության քարոզ էր։ Դրանում մարդիկ դիտարկվում են ձեռնասուններ, որպեսզի հետեւեն բարի թագավորին, լինեն շնորհակալ, պայմանով, որ իրենց էլ «օգնություն» հասնի թագավորի բարի կամոք, որը «բռնակալ չէ»։
Դա Փաշինյանի երազանքն է՝ դառնալ նոր եւ ավելի մասշտաբային «Դեմիրճյան», որը կարդյունաբերականացի երկիրը, դպրոցներ, մանկապարտեզներ, կայարաններ, ճանապարհներ ու գործարաններ կկառուցի։ Բայց նաեւ փակուղի է, որովհետեւ դեպի անցյալ հայացքն ու անցյալից սպասվող փրկությունն արգելափակում եւ ոչնչացնում է ներկան ու ապագան։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։