«Արդեն մեկ տարի է՝ Արցախից հեռու եմ։ Յոթհոգանոց ընտանիքիս հետ ապրում եմ Կոտայքի մարզում՝ Աբովյանում։ Մեր ընտանիքում բոլորը աշխատանք են գտել, սոցիալական խնդիրները կարողանում ենք լուծել։ Շարունակում եմ կրթությունս եւ զուգահեռաբար աշխատում։ Թվում է՝ կյանքն իր հունով ընթանում է, բայց այդպես չէ։ Առանց Արցախի մեր կյանքը ելել է հունից ու չգիտեմ՝ ուր է գնում»,- ասում է Ստեփանակերտից 2023 թվականի սեպտեմբերի 27-ին բռնագաղթած Էլեն Հովհաննիսյանը։
Էլենը սովորել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ ավելի ուշ Ստեփանակերտի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ է ընդունվել։ Այժմ կրթությունը շարունակում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Շուտով մասնագիտական նոր որակավորում կստանա։ Նախորդ տարի ուսման վարձը պետությունն է փոխհատուցել, հույս ունի՝ այս տարի էլ կփոխհատուցի։
Երգչուհի դառնալը Էլենի մանկության երազանքն է եղել։ Վաղ հասակից երգել է մանկական համույթներում, մրցույթների մասնակցել, մրցանակներ ստացել, իսկ հետո Արցախի «Մենք ենք, մեր սարերը» համույթի անդամ է դարձել ու բազմաթիվ համերգային շրջագայությունների մեկնել։ Ստեփանակերտում Էլենը «Մենք ենք, մեր սարերը» համույթում նորմալ վաստակում էր։ Բայց բռնագաղթելուց, Երեւան տեղափոխվելուց հետո համույթի անդամները կայուն աշխատավարձ չունեն․ վարձատրությունը կախված է համերգների թվից, որոնք առաջվա պես շատ չեն, հյուրախաղերի էլ չեն մեկնում։
Այսուամենայնիվ, Էլենը նոր աշխատանք չի որոնում։
«Ես այդ համույթում Արցախի շունչն եմ զգում։ Բացի այդ՝ մեր երգերը, պարերը, առհասարակ մշակույթը պահպանելը, այն սերունդներին փոխանցելը կարեւոր առաքելություն եմ համարում։ Հետեւաբար, եթե անգամ հիմա համեստ աշխատավարձ եմ ստանում, պատրաստ եմ մնալու համույթում, իմ ժամանակը, ջանքերը ներդնել։ Մշակույթի պահպանությունը ազգի, հայրենիքի հարատեւության բաղադրիչներից է։ Եվ եթե այդ գործում ես կարող եմ իմ ներդրումն ունենալ, ապա ջանք չեմ խնայի»,- ասում է Էլենը։
«Մենք ենք, մեր սարերը» համույթը շարունակում է փորձերը։ Որոշ անհատներ, կազմակերպություններ դահլիճ, տարազներ են տրամադրել համույթին։ Էլենը հույս ունի, որ գոնե առաջիկայում պետությունն էլ ֆինանսապես կաջակցի, որ արցախյան համույթները, արվեստի խմբերը շարունակեն Հայաստանում էլ գործել, եւ արցախյան մշակույթն ապրի, հարատեւի։
Պատերազմի սարսափելի տեսարաններ, սով, դրվագներ, որոնք չեն մոռացվում․․․
Էլենը միշտ հիշում է պայծառ ու զարգացող Արցախը, բայց պատերազմի սարսափելի տեսարանները, բռնագաղթը չեն մոռացվում, դաջվել են մտքում․․․․ Անգամ ամենասարսափելի, դժոխային պահերին նրա մեջ երբեք Արցախ վերադառնալու հույսը չի մարել։
Շրջափակման օրերին մարդիկ անասելի դժվարությունների միջով էին անցնում, բայց պայքարում էին, ասես կառչած էին հողին, Արցախին։ 2023-ի հունիսից արդեն իրավիճակը բավական ծանր էր։ Հաց ու նորմալ սնունդ, դեղորայք ու այլ անհրաժեշտ պարագաներ չկային։
«Շրջափակման օրերին հատկապես հանապազօրյա հաց ունենալու խնդիրն օրեցօր անլուծելի էր դառնում։ Սկսել էինք գարուց հաց պատրաստել։ Առանց այն էլ նիհարել, նվաղել էի, գարեհաց ուտելուց ու չմարսելուց հետո ինքնազգացողությունս վատացավ, հիվանդացա։ Մեծ դժվարությամբ դեղորայք գտանք։ Հենց այդ օրերին սկսվեց բռնագաղթը»,- հիշում է Էլենը։
44-օրա պատերազմի ժամանակ էլ է Արցախում եղել, բայց սեպտեմբերյան դեպքերն ամենասարսափելին էին․ հրետակոծությունը չէր դադարում։ Էլենի հայրը մարտի դաշտում էր, երբեմն օրերով լուր չէին ունենում նրանից։
«Հետո Ստեփանակերտի բենզինի պահեստում պայթյուն եղավ, որը զարհուրելի էր։ Հիշում եմ պայթյունի ձայները, երեխաների լացը․․․ Ամենասարսափելի տեսարաններից էր Հակարիի կամրջով անցնելը, տեսնել նրանց կանգնած մեր հողում, ավտոմեքենաները ստուգելիս։ Բռնագաղթում էինք այն հողից, որը մեր հայրերն ու եղբայրները իրենց կյանքի գնով էին պահել։ Ցավալի էր, սարսափելի, նվաստացուցիչ․․․ Դա բառերով պատմելու բան չէ»,- հիշում է Էլենն ու չի կարողանում հուզմունքը զսպել։
Դժվարությամբ, բայց եւ անսահման սիրով է խոսում Էլենը Արցախի մասին։ Ասում է՝ պետք է պահպանել Արցախի բարբառը, անուշ բառ ու բանը, մշակույթը։ Այսօր էլ արցախցուն հատուկ տոկունությամբ պետք է ամուր լինել, մինչեւ տունդարձի օրը գա։
«Պետք է ամեն ինչ անել, որ հայերի մեջ Արցախն ապրի, մինչեւ վերադառնանք։ Ես չեմ կարողանա ապրել, եթե դադարեմ հուսալուց, հավատալուց, որ վերադառնալու ենք Արցախ»,- հուզմունքը զսպելով՝ ասում է Էլենը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։