Ֆրոլովների ընտանիքի կյանքը հիմնականում «ճամպրուկային» է անցել․ վերջին հանգրվանը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սահմանապահ Բարձրունի գյուղն է։ Շարունակ սահմանից սահման տեղափոխվող ընտանիքը հույս ունի՝ Բարձրունին վերջին հաստատուն հասցեն է լինելու։
2011 թվականին բազմազավակ ընտանիքը Արտաշատից Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղ է տեղափոխվել։ Այնտեղ ընտանիքին տուն են տրամադրել։ Աշխատանքի են անցել, հարմարվել են։ 2019-ին ծնվել է հինգերորդ երեխան։
Արցախում ծնված երեխան մեկ տարեկան է եղել, երբ հնչել են ռումբերի ձայները։ Ընտանիքի հայրը սահմանին է եղել։ Մյուսներին տեղահանել են գյուղից՝ ասելով, թե երեք օրից կվերադառնան։
Չորս տարի անց տնից անգամ բանալին չի մնացել։ «Տարբեր հարթակներում տեսանյութեր ենք տեսել, որ ադրբեջանցիները մեր տանն են։ Դա միակ բանն է, որ հիշեցնում է մեր տունը։ Դուրս էինք եկել այդ պահին մեր հագած հագուստով ու հույսով, որ ամեն ինչ արագ կանցնի»,- հիշում է ընտանիքի մայրը՝ Էլինա Սարգսյանը։
2020-ի տեղահանումից հետո ընտանիքը ժամանակավորապես հաստատվել է Արտաշատում՝ Էլինայի հայրական տանը, հետո բնակարան են վարձակալել։ Բարձրունիում որեւէ ծանոթ չեն ունեցել, վաճառվող տան հայտարարություն են տեսել։ Հասել են այնտեղ, գյուղացիներն օգնել են այլ տուն գտնելու։ Էլինան լավ է հիշում՝ ինչպես են ձմռան պայմաններում սահմանապահ հարեւանները օգնել ոտքի կանգնելու․ մեկը վառելափայտ է հասցրել, մյուսը՝ տաք սնունդ։
Փոքր գյուղի հյուրընկալ բնակչությունը սիրով է ընդունել տեղահանված ընտանիքին։ «Բոլորը աջակցեցին՝ հարեւաններից մինչեւ համայնքապետարան, դպրոցի ուսուցիչներ։ Հենց դա էլ գրավեց երեխաներին։ Այդքան դժվարություններից հետո հասնել մի տեղ, որտեղ ուրախ են քեզ ընդունելու»,- ասում է Էլինան։
Մինչ սահմանապահ գյուղը դատարկվելու եզրին է, Ֆրոլովների ընտանիքը որոշել է իր ապագան հենց այնտեղ կառուցել։ Փոքրիկ տան համար մաս-մաս են վճարում․ հեշտ չէ, բայց գոնե իրենցը կլինի։ Գյուղի սահմանապահ լինելը Ֆրոլովներին չի խանգարում։ «Այսօր Հայաստանի ամեն կողմն էլ սահմանամերձ է, ինչո՞վ ենք լավը սահման պահող այլ մարդկանցից»,- ասում է նա։
Աշխատանքի խնդիրը ամենասուրն է։ Ընտանիքի հայրը զինվորական ծառայության է անցել։ Էլինան Արցախում դպրոցում է աշխատել՝ տնտեսվար է եղել, հիմա դեռ աշխատանք չունի։ «Այդպես կարողանում էինք ծախսերը հոգալ։ Ընտանիքի մեկ անդամի աշխատավարձով դժվար է երեխաներին պահելը։ Մեծ երեխաս նաեւ առողջության խնդիրներ ունի»։ Տունը, որտեղ տեղավորվել է բազմանդամ ընտանիքը, կիսավեր է։ Խոնավ, քարուքանդ պատերի ներսում մեծ ընտանիքով ապրելը հեշտ չէ։
Ձմռանը տունը տաքացնել չեն կարողանում, հույս ունեն՝ ժամանակի ընթացքում կկարողանան պայմանները որոշակիորեն բարելավել։
Ֆրոլովների ընտանիքը 2020-ից հետո սահմանապահ Բարձրունի տեղափոխված արցախցի երկու ընտանիքներից մեկն է։ 2023-ի տեղահանումից հետո էլ երկու ընտանիք էին հաստատվել Բարձրունիում։ Տասնմեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքը մեկ ամիս առաջ է տեղափոխվել Էջմիածին։
«Մեծ սիրով ենք ընդունում գյուղում բնակվել ցանկացող յուրաքանչյուր ընտանիքի, բայց ասել, թե հեշտ է մարդկանց գրավել այստեղ տեղափոխվել, սուտ կլինի։ Բոլորն էլ իրենց երեխաների ապագայի մասին են մտածում, իսկ գյուղում մանկապարտեզ չկա, սպորտային, մշակութային խմբակներ չկան։ Բնական է՝ շատերը չեն համաձայնում մնալ։
Ամեն եկողի հետ ուրախանում ենք։ Դպրոցում 34 աշակերտ կա, որոնցից երեքը Ֆրոլովների ընտանիքից են»,- հայտնում է Բարձրունու վարչական ղեկավար Արսեն Ալեքսանյանը։
Ֆրոլովները հույս ունեն՝ ժամանակի ընթացքում կկարողանան կարգավորել կենցաղային խնդիրները եւ կլուծեն աշխատանքի հարցը։ Թող խաղաղություն լինի, մնացած հարցերը լուծվող են։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: