Ծանր հիշողությունների ամիս է սեպտեմբերը։ 115 հազար մարդ անցած տարի այս օրերին բռնի տեղահանվեց Արցախից։
Պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ՔՊ-ից միակը չէ, որ նման կարծիք է հայտնում։ Արցախցիների հանդեպ ատելության խոսքը ուղղակի կամ տողատակերով, ԱԺ ամբիոնից եւ ֆեյսբուքյան ֆեյքերով, նույնիսկ Հանրային հեռուստատեսությամբ գեներացվում եւ հանրայնացվում է պարբերաբար։
Տեղահանման օրերին էլ ՔՊ անդամները գրառումներ էին տարածում, որ եթե արցախցիները մասնակցեն ցույցերին, պետությունից աջակցություն չեն ստանա։
ՔՊ կուսակցության անդամ Թաթուլ Ասիլյանին ամիսներ անց հեռացրին կուսակցությունից։ Պատճառը ոչ միայն նման գրառումներն էին, այլեւ կուսակցության անդամների հետ ներքին տարաձայնությունները։ Ասիլյանը, իր իսկ խոսքերով, մինչ օրս աջակցում է իշխանությանը։ Նա շարունակում է նման գրառումներ անել ֆեյսբուքյան իր էջում։
Նման գրառում արել էր նաեւ ՔՊ անդամ եւ համայնքապետ Անի Վարդազարյանը։ Նա, սակայն, շարունակում է պաշտոնավարել մինչ օրս։
Արցախցիների հանդեպ ատելության դրսեւորման եւ ճնշումների դեպքերի պակաս չկա
Վարչապետի տիկնոջ գրառումներում դեռ Արցախի շրջափակման ժամանակներից կարելի էր նկատել ատելության խոսքը:
Այսպես էր դիմել Աննա Հակոբյանը արցախցիներին, նրանց պահանջով շրջափակման օրերին Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառումը չեղարկվել էր։
Արցախի նախկին քաղաքապետներն ու պաշտոնյաները ընդդիմության ցույցերից առաջ ձերբակալվում են, Ալեն Սիմոնյանը պարբերաբար հայտարարություններ է անում Արցախի ենթակառուցվածքները ՀՀ-ում լուծարելու մասին. «Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք [Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք]։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի»:
Հանրային հեռուստաընկերությունն այս տարի երկու անգամ խախտել է էթիկայի նորմերը. «Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն» է արձանագրել։ Հանրայինը ընդդիմության հանրահավաքների մասին ռեպորտաժում անհարկի շեշտել է ցույցի մասնակիցների արցախյան ծագում ունենալը։
Մեկ այլ ռեպորտաժում Հանրայինը, ներկայացնելով արցախյան բարբառով հեռախոսազրույց, «ոտնաման» [Արցախի բարբառով հնչում է «վըննաման»] բառը ներկայացնում է որպես «վերցնել»՝ նկատի ունենալով գումար վերցնելը ընդդիմության ցույցերին մասնակցելու համար։ Նյութի հեռարձակումից ժամեր անց Հանրայինը ներողություն է խնդրել վրիպակի համար։
Ատելության, խտրականության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու եւ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հիմքով 2024 թվականի հունիսի դրությամբ 8 քրեական գործ է քննվում ՀՀ դատարաններում. «Հետք»-ի հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը:
«Հետք»-ի ներկայացրած տվյալներով՝ 8 քրեական գործից 5-ը առնչվում են ՔՊ կուսակցության անդամների կամ նրանց աջակցող անձանց, այսինքն՝ այս գործերում ատելության խոսքի թիրախը ՔՊ անդամներն են, միայն մեկ քրեական գործ կա, որ վերաբերում է արցախահայերի նկատմամբ ատելության խոսք տարածելուն։
Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմում է՝ բազմիցս բախվել է արցախցիների հանդեպ ատելության խոսքի եւ ճնշումների, սակայն դատարան չի դիմել, իրավապահ մարմիններին չի վստահում։
— Հունիսի 12-ը ամենալավ ցուցիչն է, թե ինչպես են աշխատում էստեղ իրավապահ մարմինները։ Այդ կառույցները անկախ չեն։ Այդ օրերին ոստիկանները հետեւում, թիրախավորում եւ ձերբակալում էին արցախցիներին, երբեմն նաեւ անասելի ծեծի-ջարդի էին ենթարկում եւ թողնում փողոցում, չէին էլ բերման ենթարկում,- ասում է Մետաքսե Հակոբյանը։
— Ինչո՞վ է պայմանավորված ՔՊ-ի այսիպիսի դիրքորոշումը Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ,- հարցնում ենք նրան։
— Քանի որ միշտ խմբակային է լինում էս գործընթացը, հասկանալի է, որ իրենց ղեկավարի կողմից հրահանգ ունեն, այս պարագայում եւս կա այդ հրահանգը՝ հարձակվելու արցախցիների վրա եւ այն ժամանակներում, երբ բոլոր փաստերն ու ապացույցները դեմ են խոսում այս իշխանություններին, իրենք իրական մեղավորների վրայից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար սկսում են մեղավորներ կարգել, եւ քանի որ դրա համար պետք է մեծ աղմուկ, բոլորը համախմբված, հրահանգը ստանալով սկսում են աշխատել,- նշում է Մետաքսե Հակոբյանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է, որ իշխանությունների կողմից պարբերաբար տարածվող ատելության խոսքի ու ճնշումների հետեւանքները կարող են շատ ծանր լինել Հայաստանի պետական եւ քաղաքական իրադրության համար։
«Նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլեւ դատապարտելի ու քրեորեն պատժելի է։ Գրեթե բոլորը ակնհայտ նույնանման վարքագիծ են դրսեւորում, գրեթե նույն բառամթերքով, դա այլեւս ակնհայտ է։ Եթե ունենայինք գործող իրավապահ մարմիններ, տարբեր առիթներով ատելության խոսքի հետ կապված քրեական գործեր էլ հարուցված կլինեին, բայց ինչպես տեսնում եք, չունենք»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Վերհիշենք վարչապետ Փաշինյանի խոսքերը․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար»։
Իսկ ովքե՞ր են «որոշ շրջանակներ»-ը, արդյո՞ք դրանք միայն ԼՂՀ նախկին պաշտոնյաներն են, թե՞ նրանց հարազատներն ու հասարակ արցախցիներն էլ են մտնում այս շրջանակի մեջ, ի՞նչ է մտածում Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին, երբ տեսնում է նման հայտարարություններ երկրի առաջնորդներից, ապա միացնում է հեռուստացույցն ու դիտում Հանրային հեռուստատեսության վերը նշված ռեպորտաժը։
Ատելության խոսքը միայն Արցախի նախկին պաշտոնյաներին չէ ուղղված, այն դուրս է գալիս նեղ շրջանակից, տարածվում լայն հանրության մեջ, արմատավորվում, պիտակավորում նրանց, ու մնում է միայն ատելության նստվածքը, հայը սկսում է ատել իրենից էթնիկ առումով չտարբերվող մեկ այլ հայի։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։