ԱՄՆ Ֆլորիդա նահանգում մոլեգնող «Միլթոն» փոթորիկը թուլացել է` հասնելով մինչեւ 1-ին կատեգորիա: Նման գնահատականներ հնչեցրել է Փոթորիկների դեմ պայքարի ԱՄՆ-ի ազգային կենտրոնը՝ նշելով, որ քամու արագությունը մեկ ժամում 145 կիլոմետր է։
Միեւնույն ժամանակ «Միլթոնը» շարունակում է մնալ կործանարար փոթորիկ եւ, ինչպես կանխատեսվում է, այդպես կմնա մինչեւ Ատլանտյան օվկիանոս ելքը, որը սպասվում է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։
Արտակարգ իրավիճակների պետական կառավարման գործակալության գործադիր տնօրեն Քեւին Գաթրիի փոխանցած նախնական տեղեկություններով՝ ավերվել է առնվազն 125 տուն, իսկ 2,8 մլն սպառողի էլեկտրամատակարարումը խափանվել է։ Հաղորդվում է առնվազն երկու մարդու մահվան եւ մի քանի վիրավորների մասին:
Աղետի գոտուց մոտ երկու միլիոն մարդ է տարհանվել։ Երկրի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 1900 չվերթ։
ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելը Ֆլորիդայի բնակչությանը զգուշացրել է չփորձել լքել ապաստարանները՝ ընդգծելով, որ Միլթոնը դեռ մահացու վտանգ է ներկայացնում։
Նախորդ գիշեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆլորիդայի մի շարք պաշտոնյաների հետ եւ խնդրել նրանց անմիջապես զանգահարել իրեն, եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ աջակցություն փոթորկի հետեւանքների դեմ պայքարում: Բայդենը նաեւ հորդորեց ֆլորիդացիներին հետեւել անվտանգության ցուցումներին: «Սա բառացիորեն կյանքի եւ մահվան հարց է», — նշել է նախագահը:
«Միլթոն»-ը Ֆլորիդայում այս տարի պատուհասած երրորդ փոթորիկն է: