Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է Գազայի հատվածի հումանիտար գոտում ներառված օբյեկտների ցանկի ընդլայնման մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է մարդասիրական գոտու ընդլայնման մասին, որն այժմ ներառում է պատերազմի սկզբից ստեղծված դաշտային հիվանդանոցները, վրանային ճամբարները, ապաստարանները եւ դրանց սննդով, ջրով, դեղորայքով եւ բժշկական սարքավորումներով ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ այս քայլն արվել է «միջազգային հանրության հետ փոխհամաձայնեցված»։
«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աշխատել պատերազմի նպատակներին հասնելու համար, որը կներառի ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը եւ բոլոր պատանդների վերադարձը»,- հավելել է մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են ուղարկել իրենց իսրայելցի գործընկերներին՝ պահանջելով «30 օրվա ընթացքում կոնկրետ քայլեր ձեռնարկել»՝ բարելավելու հումանիտար իրավիճակը Գազայի հատվածում։ Նամակում, որի տեքստը ավելի վաղ հրապարակել էր ամերիկյան Axios հարթակի լրագրող Բարաք Ռավիդը, նշվում էր, որ ԱՄՆ-ի պահանջները չկատարելը կարող է հետեւանքներ ունենալ Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։