Սիրիայի անվտանգության ուժերը, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա քաղաքը՝ այնտեղից դուրս մղելով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին։ Այդ մասին հայտնել է Լաթաքիայի ոստիկանապետը Al Jazeera հեռուստաալիքի հետ զրույցի ընթացքում։
«Վերահսկողություն է հաստատվել քաղաքի նկատմամբ, հանվել է ռազմական օբյեկտների շրջափակումը, իսկ նախկին ռեժիմի մնացորդները դուրս են մղվել»,- ասել է ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Reuters-ը հաղորդել էր, որ Սիրիայում նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի առնվազն 13 աշխատակից է զոհվել ընդդիմադիր զինված խմբերի եւ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով։
Բախումները հիմնականում ընդգրկել են ալավիների կրոնական համայնքով բնակեցված Լաթաքիայի շրջանը՝ հարակից քաղաքներով ու բնակավայրերով։
Սիրիայի անվտանգության ուժերը մարտի 6-ին հայտարարել էին, որ երկրի արեւմտյան հատվածում մարտական գործողություն են իրականացնում Ասադի հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար Սուհեյլ ալ-Հասանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների դեմ, փոխանցում է Sky News Arabia-ն։
Լաթաքիայի նահանգի հասարակական անվտանգության վարչության տնօրեն Մուստաֆա Քնեֆաթին հայտարարել է, որ «Ասադի զինված խմբերի մնացորդները նախապես պլանավորված եւ դիտավորյալ» հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի հսկիչ-անցակետերի եւ պարեկային խմբերի վրա Ջաբլայի շրջանում։