ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները՝ նշելով, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի եւ հուշարձանների ոչնչացման եւ այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:
ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ մտահոգիչ է Ադրբեջանի՝ եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարելը մինչեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքները սկսելը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների եւ պաշտամունքի վայրերի հետ կապված որեւէ գործողություն չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների՝ վիճակի փաստագրման եւ վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության:
«Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարեւոր կենտրոններից է ,եւ այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը փոխելուն, հայտարարել է, որ իր տարածքների ազատագրումից հետո սկսել է վերականգնման եւ վերակառուցման աշխատանքներն այդ հատվածներում:
Ըստ ադրբեջանական արտաքին գերատեսչության` Շուշիում «իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների շրջանակում վերականգնվում են մզկիթներ, պատմական հուշարձաններ, տաճարներ, տուն-թանգարաններ, ինչպես նաեւ Ղազանչեցոց եկեղեցին»: Նշվում է նաեւ, թե «վերակառուցման աշխատանքներն իրականացվում են հենց բնօրինակ ճարտարապետական ոճին համապատասխան»` Շուշիի պատմական պատկերը վերականգնելու համար:
19-րդ դարում կառուցված Ղազանչեցոց եկեղեցին առաջին անգամ վնասվել է 1920-ին Շուշիի հայ բնակչության ջարդերի ժամանակ եւ ադրբեջանցիների կողմից օգտագործվել որպես պահեստ։ Եկեղեցին վերականգնվել է Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ հայկական ուժերը ազատագրեցին բերդաքաղաքը։ Եկեղեցու վերակառուցված գմբեթը դարձյալ վնասվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանի զինուժի՝ մեկ օրում կրկնակի հրթիռակոծման հետեւանքով։