ԶԼՄ-ների միջոցով Հայաստանին եւ Ադրբեջանին Ռուսաստանը կոչ է արել նվազեցնել լարվածությունը սահմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
«Բաքվի եւ Երեւանի միջեւ տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը վերականգնելու ժամանակը»,-հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել դրսեւորել քաղաքական կամք եւ վերսկսել շփումները, որոնք, իր պնդմամբ «ապացուցել են իրենց արդյունավետությունը այն ձեւաչափերում, որոնցում Ռուսաստանի աջակցությամբ արդյունավետ լուծումներ են գտնվել ամենադժվար խնդիրների, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ»։
Զախարովայի խոսքով՝ «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կողմերից մեկից զիջումներ են կորզում, իսկ մյուսի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, մինչդեռ ՌԴ-ն միշտ համալիր, փոխզիջումային լուծումների կողմնակից է»: