ԵՄ-Հայաստան նոր օրակարգը կապահովի երկկողմ համագործակցության տեսլականը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա եւ ընդգծել է, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարեւոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առեւտրի դիվերսիֆիկացիայի եւ կապի համար։
Ժոզեպ Բորելը հավաստիացրել է, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։
«Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարեւոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Բոռելը շեշտել է, որ ուժեղ եւ կայուն Հայաստան՝ նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս, եւ դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։