Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի։
Դիտարկմանը, թե արդեն կես տարի է՝ պաշտոնյաները խոսում են շուտով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին եւ հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում հասնել խաղաղ համաձայնության, ԵՄ ներկայացուցիչը պատասխանեց․ — «Մի քանի պատճառ կարող է լինել, բայց դատելով իմ տիրապետած տեղեկությունից, թե որտեղ է գործընթացը տարբեր ուղղություններով, ես նույնպես կարծում եմ, որ իրականում դա այդքան երկար չպետք է տեւի դրական արդյունքի հասնելու համար, եթե կա քաղաքական կամք, եթե կա հանձնառություն»։
Կլաարը ընդգծել է, որ ԵՄ-ն ցանակնում է այս հարցում աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, որպեսզի ապահովվի դրական արդյունքը։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումանը՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ Բրյուսելը աջակցում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ բանագնացները մոտ ապագայում կրկին կհանդիպեն։
«Շփվելով եւ՛ պարոն Ռուբինյանի, եւ՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ։ Եվ Եվրամիությունն անշուշտ, աջակցում է դրան: Ուստի դարձյալ հույս ունեմ, որ մոտ ապագայում այս գործընթացն իսկապես առաջ կգնա եւ արդյունքներ կտա՝ հանուն Հայաստանի, հանուն Թուրքիայի, հանուն տարածաշրջանի»,- «Ազատությանը» ասել է Կլաարը։