Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է, որ ջրհեղեղի պատճառով քաղաքը ենթարկվում է զանգվածային տարհանման։
«Քաղաքում հնչում է ազդանշանը։ Այն վարժական չէ։ Զանգվածային տարհանում է իրականացվում։ Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Վերջին 10 ժամվա ընթացքում Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է 40 սանտիմետրով եւ այժմ կազմում է 1143»,-գրել է քաղաքապետը իր տելեգրամյան ալիքում։
Քաղաքապետը տարհանման կոչ է արել Գրանդ Պարկ բնակելի համալիրի, Կույբիշեւ եւ Սոլնեչնի ավանների, 23-րդ եւ 24-րդ միկրոշրջանների, Ուրալսկայա եւ Դոնգուզսկայա փողոցների, Ավիագորոդոկ եւ Օվչիննի ավանների բնակիչներին։
«Ձեզ հետ վերցրեք փաստաթղթեր, դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության իրեր եւ անմիջապես դուրս եկեք տնից։ Իրավիճակը կրիտիկական է, ժամանակ մի կորցրեք»,-նշել է Սալմինը։
Օրենբուրգի մարզում ջրհեղեղի պատճառով ապրիլի 4-ից գործում է արտակարգ դրություն։ Բարդ իրավիճակ է ստեղծվել Օրսկում, որտեղ ապրիլի 5-ի երեկոյան փլուզվել էր դամբը։