ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարողանա համաձայնության գալ Ուկրաինայի անդամակցության շուրջ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Կիեւ չհայտարարված այցին հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեզ պետք է կոնսենսուս, մեզ պետք է, որ ՆԱՏՕ-ի բոլոր 32 անդամները համաձայնեն։ Չեմ կարծում, որ հուլիսին կայանալիք գագաթնաժողովում այս համաձայնությունը կլինի, բայց մենք ցույց կտանք, որ Ուկրաինան մոտեցնում ենք ՆԱՏՕ-ին»,-ասել է Ստոլտենբերգը։
Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն տեսնում է դաշինքի երկրների՝ Ուկրաինային զենք մատակարարելու խոստումները չկատարելու հետեւանքները։
«ՆԱՏՕ-ի երկրները չեն կատարել այն, ինչ խոստացել էին։ ԱՄՆ-ն ամիսներ է ծախսել օգնության փաթեթի հաստատման վրա, իսկ եվրոպացի դաշնակիցները չեն ապահովել արկերի խոստացված քանակության մատակարարումը։ Եվ այս ամենը լուրջ հետեւանքներ ունեցան ռազմաճակատում։ Այդ հետեւանքները մենք հիմա տեսնում ենք»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։