ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված ռազմական փաթեթից օգնությունն արդեն սկսել է մատակարարվել Ուկրաինա, ասել է նախագահ Զելենսկին այսօր Կիեւ ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
«Որոշ բաներ արդեն սկսել են հասնել, բայց ես մանրամասն չեմ ասի, թե կոնկրետ ինչ: Ցավոք սրտի, դեռ ամեն ինչ պատրաստ չէ մեր բանակը համալրելու եւ համապատասխան թվով բրիգադներ զինելու համար»,-Զելենսկու խոսքերը մեջբերում է «Укринформ» լրատվականը։
Մարտի դաշտում իրավիճակը ուղղակիորեն կախված է Ուկրաինային զինամթերքի մատակարարման արագությունից, նշել է Զելենսկին՝ կոչ անելով արագացնել այդ գործընթացը։
Անդրադառնալով վերջին վեց ամիսներին ՀՕՊ համակարգերի մատակարարումների հետ կապված հարցերին Ուկրաինայի նախագահը առանձնահատուկ կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը։
«Ինչվերաբերվում է «Անվտանգության երաշխիքային փաստաթղթերին», ապա դրանք մեզ շատ են օգնել։ Նրանք հատկապես օգտակար էին այն ժամանակ, երբ մենք աջակցություն էինք ակնկալում Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Կարծում եմ հասկանում եք հակաօդային պաշտպանության արժեքը։ Անցած վեց ամիսների ընթացքում այդ համակարգերը կամ երբեմն այդ համակարգերի մասերը հայտնվել են անվտանգության ապահովման ինը պայմանագրերով տրամադրված ֆինանսավորման շնորհիվ»,-ասել է Զելենսկին: