Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում «Ալիք Մեդիան», համագործակցելով «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, Ծովագյուղում անկուսակցական զրույց-քննարկում անցկացրեց։ Հիշեցնենք՝ այս ծրագրի շրջանակում արդեն իսկ յոթ քննարկում էր տեղի ունեցել՝ Մասիսում, Գավառում, երկու քննարկում Երեւանում, Վանաձորում, Ախուրյանում եւ Լճաշենում։
Ծրագրի նպատակն է խոսել ժողովրդավարական արժեքների, դրանց գործնական կիրառելիության եւ օգուտների մասին, ներկայացնել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում։
Քննարկման բանախոսը վրաց հասարակական-քաղաքական գործիչ Մարիկա Միկիաշվիլին էր։ Խոսելով Վրաստանում տիրող իրավիճակին՝ Միկիաշվիլին ասաց, որ երկրի երիտասարդ բնակչության մեծ մասն այսօր դժգոհ է իշխանություններից։ Ըստ Միկիաշվիլիի՝ Վրաստանի հանրության համար շատ դժվար է սպասել՝ հույս ունենալով, որ նոր ընտրությունների միջոցով հնարավոր կլինի իշխանափոխության հասնել։
«Դժվար է ինչ-որ հստակ բանաձեւ ասել՝ հստակորեն նշելով, թե ինչ քայլեր կարելի է անել իշխանափոխության հասնելու համար։ Բազմաթիվ ուղիներով պետք է ջանքեր գործադրել․ երկրում բողոքի մեծամասշտաբ ցույցեր պետք է լինեն, դիվանագիտական աշխատանքներ պետք է իրականացվեն, Վրաստանի իշխանությունները պետք է մեկուսացման մեջ հայտնվեն․ պատժամիջոցներ պետք է կիրառվեն, ճնշումներ գործադրվեն։ Աշխարհաքաղաքական իրավիճակը եւս պետք է բարենպաստ լինի․ օրինակ՝ բազմաթիվ իրադարձությունների ընթացքը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից։ «Վրացական երազանքն» այսօր իր գործողությունները կատարելիս ելնում է այն կանխավարկածից, որ այդ պատերազմում հաղթելու է Ռուսաստանը։ Այսպիսով՝ ներքին ու արտաքին գործոնների հանրագումար պետք է լինի, եւ ակնհայտ է, որ այս գործոններից շատերի վրա մենք ուղիղ ազդեցություն ունենալ չենք կարող։ Դա, անշուշտ, ցավալի է, սթրեսային իրավիճակ է առաջացնում, ուստի վրաց հասարակության մեջ աստիճանաբար զայրույթ ու հոգնածություն է կուտակվում, եւ մենք չգիտենք՝ ինչ է լինելու․․․», — մանրամասնեց Միկիաշվիլին։
Նրա խոսքով՝ այսօր Վրաստանում ակնհայտ խնդիրներ են առաջացել նաեւ կրթական համակարգում։ Վրաստանը աստիճանաբար հեռանում է Բոլոնիայի համակարգի սկզբունքներից, եւ դրա պատճառով վրաց երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց կրթությունը շարունակել, մասնագիտական հմտությունները կատարելագործել եվրոպական կրթական հաստատություններում, բազմաթիվ խնդիրների են բախվում։ Մինչդեռ նախկինում երիտասարդները հեշտորեն մասնակցում էին կրթական ծրագրերի, մեկնում արտասահման ուսանելու (օրինակ՝ «Էրազմուս+» եվրոպական կրթական ծրագրի միջոցով)։
Ըստ նրա՝ այսօր Վրաստանում իշխանությունները տնտեսական մեծ ռեսուրսներ չունեն, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի իշխանությունները, որոնք նավթի շնորհիվ տնտեսական մեծ միջոցներ ունեն։ Հետեւաբար, Վրաստանի իշխանությունները կախված են այլ երկրներից, օտարերկրյա ներդրումներից․․․
«Հիմա իշխանությունը երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ եթե անգամ վաղն ընտրություններ լինեն, ենթադրաբար, գործող իշխանությունը կվերընտրվի, ուստի պետք է հասնել նրան, որ երկրում իրավիճակը փոխվի, այսինքն՝ ստեղծվեն նախադրյալներ, որ ազատ ու արդար ընտրություններ լինեն ու իշխանությունը լծակներ օգտագործելով քվեներ ստանալու հնարավորություն չունենա», — ասաց Մարիկա Միկիաշվիլին։
Ըստ բանախոսի՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո Վրաստանում բազմաթիվ քաղաքացիներ գործազուրկ են դարձել։ Կան բազմաթիվ երիտասարդներ, որոնք միջազգային ծրագրերում էին ներգրավված ու հաջող համագործակցություն ունեին, բայց հիմա արդեն դրա հնարավորությունը չունեն, ավելին՝ բազմաթիվ ներդրողներ խուսափում են Վրաստանում ներդրումներ անելուց, քանի որ կորցրել են վստահությունը։

Քանի որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են լինելու, Մարիկա Միկիաշվիլին խորհուրդ տվեց քաղաքացիներին անպայման մասնակցել դրանց։ Միկիաշվիլին երկար ժամանակ ամենօրյա սերտ շփումներ է ունեցել երիտասարդների հետ՝ աշխատելով որպես դասախոս։ Նա նկատել է, որ տարիներ առաջ վրացի երիտասարդների մեծ մասը հետաքրքրված չէր քաղաքականությամբ ու ընտրական գործընթացներով, ոմանք էլ նույնիսկ քվեարկության չէին մասնակցում։ Եվ դա հանգեցրեց նրան, որ այսօր Վրաստանում, ըստ Միկիաշվիլու, պաշտոնավարում է մի իշխանություն, որին երիտասարդների մեծ մասը դեմ է։ Միկիաշվիլին հորդորեց դասեր քաղել Վրաստանի փորձից ու անտարբեր չլինել, մասնակցել ընտրություններին։
«Մի փաստի մասին էլ կուզենամ խոսել․ ընտրության մասնակցելիս պետք է հիշել հետեւյալը․ ոչ մի քաղաքական ուժի չի կարելի տալ անսահմանափակ իշխանություն։ Սահմանափակ իշխանություն ունեցող կառավարությունն ավելի լավ է, քան անսահմանափակ իշխանություն ունեցող կառավարությունը։ Երկրի իշխանությունը չպետք է կախված լինի մի մարդու գրպանից, քանի որ նա կունենա մեծ լծակներ», — եզրափակեց Մարիկա Միկիաշվիլին։
