Հինգերորդ դասարանում Արամոն Ձմեռ պապին գրած նամակում կոնֆետների եւ խաղալիքների փոխարեն խնդրել էր, որ աշխարհում խաղաղություն տիրի:
Արցախյան պատերազմում զոհված Արամո Թորոսյանի մայրը՝ Նազիկ Թորոսյանը, հիշելով տղայի մանկությունը, ասում է. «Երեւի ճակատագիրն էր, առաքելությունը»: Ապա բացում է լուսանկարների ալբոմը, ցույց տալիս որդու նկարը. «Տեսե՛ք, առաջին էջի նկարում էլ զինվորական հագուստով է, երեւի զգում էր, որ կյանքի ամենակարեւոր հանդերձանքը զինվորական համազգեստն է լինելու»: Նկարները մի կողմ է դնում, վերցնում մեկ այլ թուղթ․ Արամոյի բանաստեղծությունն է, որ տասը տարեկանում է գրել․
Քո զինվորը կդառնամ,
Կպաշտպանեմ, հայրենի՛ք, քեզ,
Չէ՞ որ քաջ Արամոն եմ ես»:
Խիզախ տղան վաղ հասակից արդեն իսկ մտածում էր հայրենիքի պաշտպան դառնալու եւ իր երկրի սահմանները հսկելու մասին։ Այդպես էլ եղավ։
«Ծանր է հերոսի ծնող լինելը, ե՛ւ հպարտությամբ եմ լցված, ե՛ւ աննկարագրելի ցավով. դաժան է, շատ դաժան»,- հուզմունքը հազիվ զսպելով՝ ասում է Արամոյի հայրը՝ Կարեն Թորոսյանը։
Արամոն ծնողների միակ զավակն էր: Ակտիվ, կատակասեր ու շատ ընկերասեր. այսպես են բնութագրում ծնողները որդուն: Շատ հետաքրքրություններ է ունեցել, բայց ամենից շատ նրան գրավել են սպորտը եւ երաժշտությունը: Ազատ ըմբշամարտի ոլորտում բազմաթիվ մրցանակներ եւ պատվոգրեր է ստացել: «Երբեք չէր ասում մրցման օրերը. երբ պատվոգիրը ձեռքին ու ժպիտը դեմքին տուն էր գալիս, այդ պահին էինք իմանում, որ մրցույթի է մասնակցել»,- հիշում է Արամոյի մայրը:
Տարված էր երաժշտությամբ, ականջակալներն Արամոյի անբաժան մասն էին։
«Սիրում էր խոսել երազանքներից, թվարկում էր նպատակները, վերջում էլ ասում՝ բանակից վերադառնամ, բոլորը հերթով կանեմ, հիմա ամենակարեւորը հայրենիքիս առաջ ունեցած պարտքը կատարելն է»,- հիշում է Արամոյի հայրը:
Ծառայության է անցել Վարդենիսում, ութ ամիս անց, երբ սկսվել է պատերազմը, տեղափոխվել է Քարվաճառ:
Հեռախոսով խոսելիս միշտ հանգստացրել է ծնողներին, որ ռազմադաշտում մենակ չէ, զինակիցներն արդեն իր եղբայրներն են, միշտ պատրաստ են օգնելու, իսկ հրամանատարները մարտադաշտում իր ծնողներն են, հոգ են տանում իր մասին։
Կռվարար չէր, բայց եթե կռվի էր մասնակցում, միշտ հաղթող էր դուրս գալիս: «Այս անգամ էլ հաղթեց, բայց այս սարսափելի հաղթանակի հետ չենք կարողանում համակերպվել»,- ասում է Արամոյի հայրը:
Հոկտեմբերի 2-ին Արամոն հերոսաբար զոհվել է Քարվաճառի դիրքերում: Մարտակից ընկերները պատմել են, որ շատ անվախ էր. ասել էր՝ ցանկացած գնով պահելու է իրեն վստահված դիրքը:
Հերոսի ծնողները հույս են հայտնում․ «Թող որ մեր տղան աշխարհի բոլոր պատերազմների վերջին զոհը լինի»: