Human Rights Watch-ը արձանագրել է Չեռնիգովի, Խարկովի եւ Կիեւի շրջանների գրավյալ տարածքներում քաղաքացիական անձանց նկատմամբ ռուսական ռազմական ուժերի մի շարք օրինախախտության դեպքեր:
Հանցագործությունների թվում են կրկնակի բռնաբարության մեկ դեպք, մահապատժի երկու դեպք եւ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների եւ սպառնալիքների մի շարք դեպքեր 2022-ի փետրվարի 27-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Զինվորները թալանել են նաեւ քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույք, ինչպես նաեւ սնունդ, հագուստ եւ վառելափայտ: Պատասխանատուները պետք է մեղադրվեն պատերազմական հանցագործությունների համար:
«Դեպքերը, որոնք մենք փաստագրել ենք, աչքի են ընկնում կանխամտածված, անասելի դաժանությամբ եւ բռնությամբ»,- ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Human Rights Watch-ի ներկայացուցիչներն անձամբ կամ հեռախոսով զրուցել են 10 մարդու, այդ թվում վկաների, տուժածների եւ տեղի բնակիչների հետ: Ապահովության համար որոշ մարդիկ խնդրել են նշել միայն իրենց առաջին անունները կամ կեղծ անուններ:
Մարտի 4-ին Կիեւից մոտ 30 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Բուչայում ռուսական ուժերը բռնել են հինգ տղամարդու, որոնցից մեկին սպանել են հենց տեղում:
Ականատեսը Human Rights Watch-ին ասել է, որ զինվորները ստիպել են հինգ տղամարդկանց ծնկի իջնել, շապիկները քաշելով փաթաթել են նրանց գլխին եւ կրակել տղամարդկանցից մեկի գլխին: «Նա ընկավ,- ասում է վկան,- եւ այնտեղ գտնվող կանայք սկսեցին ճչալ»:
Փետրվարի 27-ին Չեռնիգովի շրջանի Ստարիյ Բիկիվ գյուղում ռուսական ուժերը բռնել են վեց տղամարդու եւ նրանց մահապատժի ենթարկել: Զոհերից մեկի մայրը, որ այդ պահին մոտակայքում է եղել, վկայել է, թե տեսել է բոլոր վեց տղամարդկանց դիակները:
60-ամյա մի տղամարդ Human Rights Watch-ին ասել է, որ մարտի 4-ին ռուս զինվորը սպառնացել է սպանել իրեն եւ իր որդուն Կիեւից հյուսիս-արեւմուտք գտնվող Զաբուխչյա գյուղում, քանի որ իրենց տունը խուզարկելիս բակում հայտնաբերել էին որսորդական հրացան եւ բենզին:
Մարտի 6-ին Կիեւից մոտ 50 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Վորզել գյուղում ռուս զինվորները ծխաբեր նռնակ էին նետել նկուղ, այնուհետեւ կրակել մի կնոջ եւ 14-ամյա երեխայի վրա, երբ նրանք դուրս էին գալիս նկուղից, որտեղ թաքնվել էին: Երեխան տեղում մահացել էր, իսկ կինը մահացել էր երկու օր անց՝ ստացած ծանր վերքերից:
Human Rights Watch-ին մի կին ասել է, որ մարտի 13-ին ռուս զինվորը մի քանի անգամ բռնաբարել է իրեն Խարկովի տարածաշրջանի դպրոցներից մեկում, որտեղ նա եւ նրա ընտանիքը ապաստան էին գտել: Զինվորը ծեծել էր կնոջը, դանակով վնասել էր նրա դեմքն ու պարանոցը, հետո կտրել մազերը: Հաջորդ օրը կնոջը հաջողվել էր փախչել Խարկով, որտեղ նա բուժում էր ստացել:
Ուկրաինացի քաղաքացիական անձանցից շատերը նկարագրել են, որ ռուսական ուժերը գողանում էին սնունդ, վառելափայտ, հագուստ եւ այլ իրեր:
Ուկրաինայում զինված հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են ապահովել միջազգային մարդասիրական օրենսդրության պահանջների կատարումը՝ ներառյալ 1949 թվականի Ժնեւի կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրությունը եւ միջազգային օրենքները:
Պատերազմական զինված ուժերը, որոնք տարածքի վերահսկողություն են իրականացնում, պարտավոր են ենթարկվել մարդու իրավունքների եւ օկուպացիայի մասին միջազգային օրենսդրությանը:
Պատերազմի օրենքներն արգելում են դիտավորյալ սպանություն, բռնաբարություն եւ այլ սեռական ոտնձգություններ, խոշտանգումներ եւ անմարդկային վերաբերմուք գերեվարված մարտիկների եւ կալանքի տակ գտնվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Արգելվում են նաեւ կողոպուտն ու թալանը:
Բոլոր նրանք, որոնք հրաման են տալիս կամ միտումնավոր կատարում այդպիսի գործողություններ կամ աջակցում դրանց, պատասխանատվություն են կրում պատերազմական հանցագործությունների համար:
Այն հրամանատարները, որոնք գիտեին կամ հնարավորություն ունեին տեղեկանալու այդպիսի հանցագործությունների մասին, բայց չեն փորձել կանխել դրանք կամ պատժել պատասխանատուներին, քրեական պատասխանատվության կենթարկվեն պատերազմական հանցագործությունների համար:
«Ռուսաստանը միջազգային իրավական պարտավորություն ունի անաչառորեն ուսումնասիրել իր զինվորների կողմից ենթադրյալ պատերազմական հանցագործությունները»,- ասել է Ուիլյամսոնը:
«Հրամանատարները պետք է գիտակցեն, որ սպանության եւ բռնաբարության դեպքերը կանխելու գործողություններ չձեռնարկելը իրենց անձամբ պատասխանատու է դարձնում պատերազմական հանցագործությունների համար»: