Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 170 անդամ դիմել է Սպիտակ տուն՝ պահանջելով ուշադրություն դարձնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների անհանգստացնող իրավիճակին, մի բան, որն առնչվում է այդ երկրի հետ հարաբերությունների՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակը ստորագրել են երկու կուսակցության ներկայացուցիչները, որոնց թվում՝ միջազգային հարաբերությունների գծով կոմիտեի ղեկավար Գրեգ Միքսն ու կոմիտեի հանրապետական անդամ Մայք Մըքոուլը:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամները նշել են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարեւոր երկարամյա դաշնակից է ԱՄՆ-ի համար, սակայն Էրդողանի քաղաքականությունն ու մարդու իրավունքների խախտումները բարդացրել են երկու երկրների միջեւ հարաբերությունները:
Կոնգրեսի անդամները գրել են, որ Էրդողանը թուլացրել է Թուրքիայի դատական համակարգը եւ հետախուզության ու բանակի կարեւոր պաշտոններում նշանակել յուրայիններին, բանտ նետել իր քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողների եւ փոքրամասնությունների անդամների: