Հայաստանում անշարժ գույքի գնման ռուսաստանցիների պահանջարկն աճել է 43%-ով։ Մոտ 44%-ով պահանջարկն աճել է նաեւ Ղրղզստանում։ Հետազոտության արդյունքներով՝ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու հարցումների ամենամեծ մասնաբաժինն ընկնում է Մոսկվայի (44,6%), Սանկտ Պետերբուրգի (10%) եւ Կրասնոդարի երկրամասի վրա (4,9%): Մոսկվացիներն ամենամեծ պահանջարկ ցուցաբերող տասնյակի շրջանում առաջատար են միջին բյուջեի տեսակետից՝ 300 հազար եվրո։
Ընդ որում` ռուսաստանցիների շրջանում անշարժ գույք գնելու հարցում տարվա նախնական տվյալներով առաջատար հնգյակում են Թուրքիան (հարցումների 24%-ը), ԱՄԷ-ն (10%), Վրաստանը (9%), Իսպանիան եւ Հունաստանը (8-ական տոկոս): Ընդհանուր առմամբ` Ռուսաստանում անցնող տարվա 11 ամիսներին արտասահմանյան անշարժ գույքի պահանջարկն աճել է ավելի շատ, քան ԱՊՀ շատ այլ երկրներում` 89%-ով:
Հայաստանի միգրացիոն կոմիտեի տվյալներով՝ 2022-ի առաջին կիսամյակում ՀՀ է մուտք գործել 372 հազար 86 ՌԴ քաղաքացի, որոնցից 331 հազար 306-ը լքել են երկրի տարածքը։ Հայաստան միգրացիայի եւս մեկ ալիք է սկսվել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն դեռ հստակ տվյալներ չկան, թե քանի մարդ է երկար ժամանակով բնակություն հաստատելու որոշում ընդունել: