Իրանում մահապատժի են ենթարկել շուրջ երեք ամիս շարունակվող բողոքի ցույցերի եւս մեկ մասնակցի։ Ցուցարար Մեջիդ-Ռեզա Ռահնավարդին կախաղան են բարձրացրել։ Մահապատիժն ի կատար է ածվել Իրանի հյուսիսարեւելյան Մեշխեդ քաղաքում։
Ռահնավարդին մեղադրվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ենթարկվող «Բասիջ» զինված խմբավորման երկու անդամի սպանության համար։ Դատարանը Ռահնավարդին մեղավոր է ճանաչել «Աստծո դեմ թշնամանքի» համար եւ նրան դատապարտել մահապատժի դեռ նոյեմբերի 29-ին։
Իրանում բողոքի ակցիաների մասնակցի նկատմամբ երկրորդ մահապատիժն իրականացվեց: Առաջինը դեկտեմբերի 8-ին էր, երբ մահապատժի ենթարկվեց քսաներեքամյա ռեփեր Մոհսեն Շեքարին։ Թեհրանի հեղափոխական դատարանը նրան եւս մեղավոր էր ճանաչել «Աստծո դեմ թշնամանքի» համար։ Շեքարին Թեհրանում մասնակցել էր «Սատար Խան» պուրակի արգելափակման ակցիային եւ դանակով վիրավորել «Բասիջ» խմբավորման զինյալի։
Պատրաստեց Արման Գրիգորյանը