Երբ շուրջ տասը տարի առաջ էկվադորցի բանաստեղծ Կարլա Բադիլիո Կորոնադոն գրեց «Նռան գույնը» բանաստեղծությունների ժողովածուն եւ 2015 թվականին տպագրեց Իսպանիայում, չէր էլ պատկերացնի, թե գործն ինչ ուղիներ է բացելու իր առջեւ: Մեկ տարի անց «Երիտասարդ ստեղծագործողներ» անվանակարգում «Նռան գույնն» արժանացավ «LOEWE» հիմնադրամի Պոեզիայի միջազգային մրցանակին:
Իսպանալեզու արձակի եւ չափածոյի թարգմանիչ Ալիս Տեր-Ղեւոնդյանն ասում է, որ երբ 2016-ին համացանցում տեսավ այս նորությունը, անմիջապես փնտրեց, բայց ոչ մի տեղեկություն չգտավ, միայն շապիկի մի նկար ու մի քանի խոսք մրցանակի մասին: Հետո, աշխատելով երիտասարդ իսպանալեզու պոետների հետ, Տեր-Ղեւոնդյանը հանդիպեց նաեւ Կարլային։ «Նռան գույնը» հետաքրքրեց թարգմանչին:
«Նա ինձ ուղարկեց իր գիրքը, եկավ հասավ պատերազմի օրերին: Կարծում էի՝ ունակ չեմ լինի որեւէ բան կարդալու: Հետո, երբ կարդացի, հասկացա, որ շատ հետաքրքիր մի բան է, որովհետեւ փարաջանովյան այդ առեղծվածային պատկերաշարը վերածել է բանաստեղծական շարքի՝ սեփական տպավորություններով, ապրումներով, նաեւ իր մանկության հիշողություններով, փիլիսոփայական մոտեցումներով»,- պատմում է Ալիս Տեր-Ղեւոնդյանը:
Ամեն ինչ սկսվել է «Նռան գույնը» ֆիլմը դիտելուց հետո: Սերգեյ Փարաջանովի պատկերային մտածողությունը, խորհրդավոր աշխարհազգացողությունն այնքան էին տպավորել երիտասարդ բանաստեղծին, որ ասում է՝ տողերն ինքնաբերաբար էին հոսում: «Գիրքն Իսպանիայում լավ ընդունեցին: Ինձ ասում էին՝ մի քառատող կարդաս, կբավականացնի ողջ օրվա համար, այսինքն՝ պատկերները դաջվում են: Ինձ համար սա լավագույն գնահատականն էր, այն, որ մի քանի տողով կարող ես մարդու մեջ ապրումներ առաջացնել»,- ասում է Կարլա Բադիլյո Կորոնադոն:
«Նռան գույնը» թարգմանելուց եւ հրատարակության պատրաստելուց հետո Ալիս Տեր-Ղեւոնդյանը եւ գրքի համախմբագիր, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը էկվադորցի բանաստեղծին հրավիրել են Հայաստան։ Կարլան Փարաջանովի թանգարանում երեւանյան հանդիսատեսի հետ հանդիպումից առաջ նաեւ գյումրեցիներին էր ներկայացրել գիրքը: «Թարգմանությունն ինձ համար մեծ նվեր էր, անակնկալ, ինքս էլ եմ մտածել իսպաներեն-հայերեն երկլեզու հրատարակության մասին, եւ հանկարծ հայտնում են, որ մարդիկ արդեն հայերեն կարող են ընթերցել իմ բանաստեղծությունները»:
Գրական գործունեությունից բացի՝ Կարլայի հետաքրքրությունների շրջանակում են հնչյունային հետազոտությունները, կինոյի եւ պոեզիայի փոխառնչությունները:
Գիրքը լույս է ընծայել «Լորենի» հրատարակչատունը: Կազմի համար օգտագործվել են «Նռան գույնը» ֆիլմի համար Փարաջանովի արած «Մուսա» եւ «Արքայադուստր Աննա» էսքիզների լուսանկարները, որոնք տրամադրել է Փարաջանովի թանգարանը: Գրքի մյուս համախմբագիրն ու հրատարակիչը Գայանե Վարդազարյանն է։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։