Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային օլիմպիադայում:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Ներկայում Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:
Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի (առաջին եւ երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի եւ զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:
Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Նախորդ տուրերում ազգային թիմը Բոտսվանայի, Նորվեգիայի, Իռլանդիայի, Ինդոնեզիայի, Անգլիայի, Իսրայելի եւ Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներում 7 հաղթանակ էր տոնել եւ զիջել էր Էստոնիային ու Վրաստանին:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին: