Մոսկվայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: «Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարեւորում ենք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:
Միշուստինը նաեւ նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության համար առանցքային գործընկեր է։