Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կցանկանար Իրանի հետ համագործակցությունը տեսնել ավելի բարձր մակարդակի վրա։ Ճապոնիա կատարած իր այցի արդյունքների շուրջ լրագրողների հետ զրույցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հավելել է, որ ներկայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ուղղությամբ ջանքերը կանգ են առել, այնպես որ այդ հարթությունում առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում: Ըստ Գրոսիի՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է, բայց ոչ այն մակարդակով, որը ինքը կցանկանար տեսնել:
2023-ի մարտին Թեհրան կատարած այցի ընթացքում Գրոսին բանակցություններ էր վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ եւ գոհունակություն հայտնել մշակված համատեղ միջոցառումների առնչությամբ։ «Համատեղ հայտարարության մեջ համաձայնության եկանք որոշակի գործողությունների շուրջ, սակայն այդ համաձայնությունների իրագործումը չափազանց դանդաղ է առաջ շարժվում»,- ընդգծել է նա եւ հավելել, որ աշխարհի այդ մասում լարվածության աճ թույլ չտալու նպատակով ՄԱԳԱՏԷ-ն փորձում է արագացնել համաձայնությունների իրագործումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին ԱՄՆ-ին հորդորել է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները եւ երկարաձգել Իրանի նավթի առեւտրին առնչվող բացառությունները։ Անտոնիո Գուտերեշը 2231-րդ բանաձեւի Իրանի կատարման վերաբերյալ իր 15-րդ զեկույցում հայտարարել էր, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը դեռեւս լավագույն տարբերակն է։