ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ստորագրված՝ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը: ՀՀ քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, տարանցիկ երթեւեկելու եւ այնտեղից դուրս գալու համար պահանջվում է ՀՀ քաղաքացու անձնագիր կամ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու կողմերի տարածքների միջեւ ճամփորդելիս, ներառյալ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում:
Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս ՀՀ համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երեւում է, որ վերջինս ունի ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով: Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար անհրաժեշտ է ճամփորդական փաստաթուղթ (միայն ՀՀ վերադառնալու համար)։