Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու առնչությամբ Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշում է ընդունել։
Ըստ այդմ՝ դատարանը վերահաստատել է 2023-ի փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու համար Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդարադատության միջազգային դատարանը համարում է, որ իր որոշումը լրացնելու անհրաժեշտությունն այս պահին չկա:
«Դատարանը նկատում է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Լաչինի միջանցքով խաթարված է։ Դատարանն արձանագրում է, որ այս իրավիճակը հետեւանքների է հանգեցրել, եւ հետեւանքները կրողները շարունակում են մինչ այս պահը դրանք կրել։ Դատարանի ունեցած տեղեկություններով` Լաչինի միջանցքով տեղաշարժի խաթարումը վերաբերում է նաեւ նրանց, որոնք ԼՂ-ում հիվանդանոցներում են։ Ըստ տեղեկությունների` խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետեւանքով սննդի, դեղորայքի պակասուրդ է առաջացել»,– ասված է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023-ի փետրվարի 22-ի որոշման մեջ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բաքուն, մինչդեռ, պնդում է, որ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է «Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ողջունել է դատարանի որոշումը, որն, ըստ Բաքվի, հայկական կողմը սխալ է մեկնաբանել։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն «անցնում են սահմանային անցակետով», իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրությունում, «պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի եւ զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ»։