Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր չի քննարկել երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականի հարցը, քանի որ նման որոշում կայացնելու համար հնարավոր չի եղել հավաքվել անհրաժեշտ թվով ձայներ։ Այս մասին հայտնել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
«Ինձ տեղեկացրել են, որ չկա բավարար քանակությամբ ձայն։ «Ժողովրդի ծառա» կուսակցության նախաձեռնությամբ Ռադան ընդմիջման է գնում»,-հայտարարել է Գոնչարենկոն խորհրդարանի նիստի հեռարձակման ժամանակ։
Կուլեբայի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների մասով քվեարկությունը սեպտեմբերի 4-ին վերսկսել չի նախատեսվում։ Միեւնույն ժամանակ, հայտնի չէ, թե հաջորդ անգամ երբ խորհրդարանականները կփորձեն համաձայնության գալ Կուլեբայի հրաժարականի շուրջ։
Ավելի վաղ Գերագույն Ռադան կողմ չէր քվեարկել նաեւ փոխվարչապետ, չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի, ինչպես նաեւ Ուկրաինայի Պետական գույքի հիմնադրամի ղեկավար Վիտալի Կովալի հրաժարականի դիմումների հաստատման համար։ Պատճառը պաշտոնյաների չներկայանալն էր խորհրդարանում իրենց աշխատանքի արդյունքների մասին զեկուցելու համար, ինչը կանոնակարգի խախտում է։
Բացի այդ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության որոշ անդամներ չեն քվեարկել նրանց հրաժարականի օգտին, չնայած վերադասավորումների նախաձեռնողը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։
Հիշեցնենք, որ Կուլեբան հրաժարականի դիմում ներկայացրել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին։