Իսրայելի բանակը կրկնապատկում է Լիբանանում հարվածների խորությունը։ Սրա մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ռազմական գործողությունների ընդլայնման համար թիկունքի պատրաստվածությանը նվիրված հանդիպմանը, գրում է The Times of Israel-ը։
«Մենք խորացնում ենք մեր հարձակումները Լիբանանում […] եւ կշարունակենք [հարձակողական գործողություններն] այնքան ժամանակ, մինչեւ հասնենք հյուսիսի բանկչությանը իրենց տները անվտանգ վերադարձնելու մեր նպատակին: Առջեւում օրեր են, երբ հասարակությունը պետք է ցուցաբերի ինքնատիրապետում, կարգապահություն եւ լիովին ենթարկվի թիկունքի հրամանատարության հրահանգներին»,- ասել է Գալանտը։
Ինչպես նշել է Գալանտը, Իսրայելի ռազմական արշավի նոր փուլում, որի ընթացքում ջանքերի կենտրոնը Գազայի հատվածից տեղափոխվում է Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման հենակետերի դեմ, «հաջողությունը կախված է նաեւ թիկունքում ճիշտ պահվածքից»։
Միեւնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին։
Տեղական Al Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի րոպեում առնվազն 50 ավիահարված է հասցվել երկրի հարավին։
Ավելի վաղ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր «Հըզբոլլահ» շարժման թիրախների վրա հարձակումների նոր շարքի մասին։ Մամուլի ծառայության տվյալներով՝ առավոտյան հարձակման է ենթարկվել «Հըզբոլլահի» ավելի քան 150 թիրախ։