Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին տեղեկությունները։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը երբեք էլ չի աջակցել Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ The Guardian-ի փոխանցմամբ Փեզեշքիանն իր այս հայտարարությունները հնչեցրել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը ցանկանում է բանակցել արեւմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ «Մենք պատրաստ ենք նստելու եվրոպացիների եւ ամերիկացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ երկխոսության եւ բանակցությունների մեջ մտնելու համար։ Մենք երբեք հավանություն չենք տվել ուկրաինական տարածքի նկատմամբ ռուսական ագրեսիային»,- ասել է Իրանի նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ Փեզեշքիանը, պատասխանելով Ռուսաստանին հրթիռների մատակարարումների մասին հարցին, հայտարարել էր. «Գուցե նախկինում եղել են նման մատակարարումներ։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման օրվանից Ռուսաստան նման մատակարարումներ չեն եղել»։
Սեպտեմբերի սկզբին The Wall Street Journal-ը եւ CNN-ը հայտնել էին, որ Իրանը Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Բրիտանական The Times թերթի հաղորդմամբ ռուսական կողմին է մատակարարվել 200 բալիստիկ հրթիռ։ Ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, որոնց վկայակոչում է բրիտանական թերթը, դրանք Ֆաթահ-300 հրթիռներն են, որոնց հեռահարությունը հասնում է 110 կիլոմետրի։
Ավելի ուշ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումների մասին հայտարարեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավանական համարելով, որ դրանք օգտագործվելու էին Ուկրաինայի տարածքին հարվածելու համար։ Ըստ նրա՝ տասնյակ ռուս զինվորականներ Իրանում վերապատրաստվել են «Ֆաթհ-360» բալիստիկ հրթիռային համակարգի օգտագործման համար։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասուլիսների ժամանակ հաճախ է պնդում, որ Թեհրանը միշտ հանդես է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռազմական հակամարտության դադարեցման օգտին, եւ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը «ոչ մի կապ չունի ուկրաինական ճգնաժամի հետ»: