Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճը բնորոշել է որպես «նախադեպը չունեցող» իրադարձություն։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
Պեսկովը հավելել է, որ այս կոնֆլիկտը ցույց տվեց, թե «որքան դժվար կլինի հասնել Ուկրաինայի շուրջ կարգավորման», քանի որ «Կիեւի ռեժիմն ու Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք ուզում են պատերազմի շարունակություն»։
«Եվ իհարկե, Զելենսկին դիվանագիտական ունակությունների ամբողջական բացակայություն ցույց տվեց»,– հավելել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաեւ հավելել է, որ Կիեւի եւ Վաշինգտոնի տարաձայնությունների ֆոնին Արեւմուտքը սկսել է կորցնել իր միասնականությունը։
«Սկսվել է հավաքական Արեւմուտքի մասնատումը»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ տարբեր երկրների եւ երկրների խմբերի միջեւ դիրքորոշումների տարանջատվում է նկատվում։
Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու համար, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ բռնկված բանավեճից հետո ժամանակից շուտ լքեց Սպիտակ տունը՝ այդպես էլ որեւէ փաստաթուղթ չստորագրելով։
Այս իրադարձություններից հետո Զելենսկին ուղեւորվել էր Մեծ Բրիտանիա, որտեղ կիրակի մասնակցել էր ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին ուղղված Եվրոպական երկրների գագաթնաժողովին։
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին խաղաղության պատրաստ չէ եւ պարզապես ցանկանում է «պատերազմել, պատերազմել, պատերազմել»։
ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամները պահանջել են, որ Ուկրաինայի նախագահը ներողություն խնդրի Սպիտակ տանը տեղի ունեցած «ֆիասկոյի» համար։
Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը եւ երախտապարտ է ԱՄՆ-ին աջակցության համար, սակայն նաեւ ակնարկել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրելու։
