• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Պա՛պ ջան, շո՛ւտ վերադարձիր»

Անուշ Իգնատյան 19:24 | 14.01.2021
Անուշ Իգնատյան 19:24 | 14.01.2021

«Սեւակն էլ էդ նոթատետրից ուներ,- դեռ մեր զրույցը չսկսած՝ նոթատետրիս նայելով ասում է Հայկուհի Սերոբյանը՝ Սեւակ Սերոբյանի կինը:- Սեւակը կարդալ շատ էր սիրում, շատ գրքեր էր կարդում ու էդ նոթատետրում գրքերից նշումներ էր անում»:

Աշխարհի ամենաերիտասարդ շիհան (ճապոներեն պատվավոր տիտղոս), Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ, տասներեք տարվա մարզիչ Սեւակ Սերոբյանը դեռ շատ անելիք ուներ, բայց կյանքը նվիրեց հայրենիքին:

Ծնունդով Լոռու մարզի Մեծավան գյուղից երեսուներեքամյա Սեւակն ամուսնացած էր, երեք անչափահաս երեխա ուներ: Կինը՝ Հայկուհին, որի հետ ամուսնացած էր արդեն տասնմեկուկես տարի, պատմում է, որ Սեւակը սպորտով հետաքրքրված է եղել դեռ երեխա ժամանակներից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մարզիչը չի ցանկացել նրա հետ աշխատել, Սեւակն էլ որոշել է հաջողությունների հասնել ու բոլորին ապացուցել, որ կարեւորը ոչ թե գումարն է, այլ մարդկային որակները:

Բանակից վերադառնալուց հետո փնտրտուքների մեջ է եղել՝ ում հետ համագործակցել, ինչ անել, ու որոշակի խնդիրներ հաղթահարելուց հետո միացել է Ճապոնական կարատեի ֆեդերացիային: Ապա նախ Լոռվա մարզի պատասխանատուն էր, իսկ մոտ երկու տարի անց՝ Հայաստանում Կյոկուշին Կան կարատեի միակ ներկայացուցիչը:

Այդպես Սեւակը ստեղծեց հայկական ֆեդերացիան: Հիմնական գործունեությունը ծավալել է Տաշիրում ու հարակից գյուղերում, Ստեփանավան ու Վանաձոր քաղաքներում: Ցանկացել է խումբ ստեղծել նաեւ Երեւանում, բայց ինչպես Հայկուհին է ասում, անբարյացակամ մարդիկ խոչընդոտել են: «Սեւակը մեծ կամքի ուժ ուներ, ինչի շնորհիվ էլ հասել է այս ամենին: Երբ երեսուն տարեկան էր, Հայաստանում կայացած միջազգային սեմինարի ժամանակ անակնկալ կերպով շիհանի կոչում ստացավ. ամբողջ աշխարհում միակն է, որ այդքան երիտասարդ տարիքում ստացել է այդ կոչումը: Ինքն իր առջեւ նպատակ էր դրել շիհանի կոչմանն արժանանալ քառասունհինգ տարեկանում»,- պատմում է Հայկուհին:

Ֆիզիկապես շատ ուժեղ լինելով հանդերձ՝ հանգիստ բնավորություն ուներ: Բոլորի հանդեպ ջերմ էր ու բարի: Հիմնական արտահայտությունը, որ օգտագործում էր՝ «հա, մեռնիմ», իսկ մայրը միշտ հորդորում էր այլ բառ ընտրել դրա փոխարեն, ինքն էլ իրեն հատուկ ժպիտով ժպտում էր ու էլի ասում՝ «հա, մեռնիմ»: «Շատ էր սիրում, երբ ես ծիծաղում էի, իր լուրջ ու հանգիստ կեցվածքով ամեն ինչ կաներ, որ ես ծիծաղեմ: Շատ էր սիրում նաեւ ինձ ծաղիկներ նվիրել: Ամեն անգամ վազելու գնալիս ծաղիկներ էր հավաքում ու ինձ բերում: Նույնիսկ դիրքերում էր ծաղիկ չորացրել ու բերել ինձ: Չնայած գերզբաղված լինելուն՝ ընտանիքի համար միշտ ժամանակ էր գտնում»,- պատմում է Սեւակի կինը:

Պատերազմի հենց սկզբից Սեւակը կամավորագրվել է: «Ամսի 27-ի երեկոյան եկավ ու ասաց, որ իրերը հավաքեմ, գնում է պատերազմ: Համոզում էի, որ ինքը թիկունքում է հարկավոր, դեռ շատ սերունդներ պիտի կրթի ու դաստիարակի: Ասում էր՝ պիտի գնա իր հայրենիքն ու ընտանիքին պաշտպանելու, օրինակ պիտի ծառայի: Սկզբում Շամշադին էին տարել ու, քանի որ սպայի կոչում ուներ, երեսուն հոգու հրամանատար էին նշանակել: Հոկտեմբերի 16-ին մի քանի ժամով տուն եկավ: Հետո գնաց Արցախ ու… էլ չեկավ: Մարտունիում էր ծառայում: Ես Սեւոյին շատ ուժեղ զգում էի: Երբ հոկտեմբերի 22-ի առավոտյան չգրեց, արդեն զգում էի, որ չկա, բայց վախենում էի ինքս ինձ խոստովանելուց: Հետո արդեն լուրը ստացանք: Ինքը գիտակցում էր, որ վերադառնալու հավանականությունը շատ փոքր է, բայց մեզ միշտ հուսադրում էր»:

Ամսի 22-ի առավոտյան 7.30-ի կողմերը խրամատ փորելիս են եղել, տղաներն էլ մի պահ եկել հավաքվել են Սեւակի մոտ, ու այդ ժամանակ հրետանին հարվածել է: Վեց հոգի են եղել, չորսը զոհվել են, երկուսը՝ վիրավորվել: Ոչ ստույգ տվյալներով՝ երկու հոգի էլ Սեւակի դին դուրս բերելիս են զոհվել:

Սեւակը շատ կատակասեր է եղել: «Պատերազմի ընթացքում մի անգամ, երբ Հայկուհին Սեւակի հետ էր խոսում, մոտեցա, որ արագ բարեւեմ, արկերի ձայներ էին լսվում: Սեւակն իրեն բնորոշ հանգստությամբ ասաց՝ հրավառություն է, այստեղ Նոր տարին շուտ է եկել»,- պատմում է Հայկուհու մայրը՝ տիկին Էմման:

Հայկուհին միշտ ամեն ինչով աջակցել է ամուսնուն, նույնիսկ անգլերեն է սովորել, որ ճամփորդությունների, հանդիպումների ժամանակ օգնի նրան: Անձամբ է վերանորոգել իրենց սենյակի պատերը, որ ամուսինն ամբողջությամբ իր գործին նվիրվի: Դեկտեմբերի 22-ին էլ մագիստրոսական թեզը պիտի պաշտպաներ: Էլի կինն էր օգնել գրելիս: «Չկար մի բան, որ մենք միասին չկարողանայինք անել: Ես Սեւակին էի քաջալերում, ինքը՝ ինձ, երբեք թեւաթափ չէինք լինում»,- ժպտում է Հայկուհին ու հավելում, որ Սեւակի մասին խոսելիս անկախ իրենից ժպտում է, Սեւակին էլ նրա քաղցր ժպիտով է հիշում:

«Հոկտեմբերի 19-ին ծննդյանս տարեդարձն էր, Սեւոն նույնիսկ նվեր էր պատրաստել գնալուց առաջ: 18-ի երեկոյան զանգեց, ասաց. «Վա՜յ, ծնունդդ ա, հա՞, գնա մեքենայի բագաժնիկը բաց, դեղին տոպրակ կա, մեջն էլ՝ մի սեւ տոպրակ, դրա մեջ էլ քեզ համար նվեր կա»: Լացելով վազեցի, տասներեք տարվա մեջ առաջին անգամ էր, որ ծննդյանս օրը կողքիս չէր: Բացեցի տոպրակը, էս վզնոցն էր»,- հուզված պատմում է Հայկուհին ու ցույց տալիս սեր խոստովանող վզնոցը: «Գիտե՞ք, էդ ժամանակ վախենում էի,- շարունակում է Հայկուհին,- որովհետեւ երբ մարդ զգում է, որ իրեն քիչ ժամանակ է մնացել, ամեն ինչ նախօրոք է անում»:

Տասնմեկ, ութ եւ վեց տարեկան երեխաները հենց սկզբից իմացել են հոր կորստի մասին, բայց չեն կարողանում ընդունել այդ փաստը, թեեւ գիտակցում են, որ իրենք արդեն հերոսի երեխաներ են: «Երբ պիտի լապտերներ արձակեինք երկինք, երեխաներին հարցրի, թե ինչ գրեմ թղթի վրա, աղջիկներիցս մեկն ասաց՝ «Պա՛պ ջան, շո՛ւտ վերադարձիր…»: Ախր, Սեւոն էստեղ էր պետք, թիկունքում: Մենք իր բացակայությանը երբեք չենք հարմարվի, բայց կոտրվել էլ չենք կարող»,- ասում է Հայկուհին:

Ամուսնու զոհվելուց հետո Հայաստանի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը միջազգային ֆեդերացիայից հենց Հայկուհուն են վստահել: Հիմա ինքն է ամուսնու գործը շարունակելու: «Սեւակի գործը շարունակելու համար պիտի նրա ուղին անցած լինես, իսկ ես միշտ նրա հետ եմ եղել, տեղյակ եմ նրա գործերից: Մենք մեր կյանքն ենք ներդրել էս գործում, ես հիմա կիսատ թողնելու իրավունք չունեմ»,- ասում է Սեւակի կինը:

Սեւակի զոհվելուց հետո Մեծավանում նրա տան այն սենյակը, որտեղ իր կյանքն է անցկացրել, վերածել են թանգարանի: Այժմ այնտեղ են պահվում Սեւակի բոլոր իրերը: Դեկտեմբերի 30-ին Սեւակի աշակերտները հավաքվել են այնտեղ ու մեկ րոպե լռությամբ հարգել իրենց շիհանի հիշատակը: Իսկ նախորդ տարիներին ավանդույթ է եղել եկող տարվա տարեթվով ցուկի հարվածներ կատարել: Սեւակ Սերոբյանի թաղման արարողության ժամանակ էլ սաները երեսուներեք ցուկի հարված են կատարել:

«Սեւակը հրաշալի մարդ էր ու հրաշալի մարզիչ, մաքուր սիրտ ուներ, բարի էր, անկեղծ, մարդկանց միջեւ տարբերություն չէր դնում: Իր շնորհիվ եմ ես այս աստիճանին հասել: Ճապոնիա էլ եմ գնացել մրցումների, ու ինքը նաեւ ֆինանսապես է աջակցել: Մեզ հետ ոչ միայն կարատե էր պարապում, այլեւ դաստիարակում էր, միշտ ոգեւորում էր մեզ: Սեւակի նման մարդու էլ չեմ հանդիպել»,- պատմում է Սեւակ Սերոբյանի սան, Հայաստանի եռակի, Երեւանի կրկնակի եւ Տաշիրի կրկնակի չեմպիոն տասնվեցամյա Ֆրունզ Թորոսյանը:

Բոլորը, ովքեր ճանաչում են Սեւակ Սերոբյանին, պնդում են, որ նա այս կյանքում դեռ շատ բաներ պիտի աներ, շատերին պիտի կրթեր ու դաստիարակեր: «Ես ինքս Սեւակից շատ բաներ եմ սովորել, շատ կուզեի նրա իմաստության մի մասը գոնե ունենալ»,- եզրափակում է Հայկուհին:

պատերազմի դրվագներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խայտաբղետ տունդրա
հաջորդը
Արդարության եւ արդարադատության կենտրոն Արցախում

Նման հոդվածներ

Գեւորգը կա

12:30 | 11.09.2021

Խրամատում ծառ ջրող Մեծ Սեպասարցի Կարոն

12:30 | 10.09.2021

Պատերազմական դրվագներ։ Սամվել Գեւորգյան

15:30 | 29.06.2021

Պատերազմական դրվագներ։ Էրիկ Միքայելյան

14:30 | 18.05.2021

Պատերազմական դրվագներ: Մովսես Դավթյան

17:00 | 17.05.2021

Պատերազմական դրվագներ: Ռաֆայել Խաչատրյան

14:00 | 13.05.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն