ԵՄ խորհրդի եւ Եվրախորհրդարանի նախագահությունները նախնական քաղաքական որոշում են կայացրել չճանաչել ռուսական այն փաստաթղթերը, որոնք տրվել են Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ժամանակավորապես գրավյալ տարածքներում։
Որոշման վերջնական համաձայնեցված տեքստը պետք է ընդունեն ԵՄ խորհուրդը եւ Եվրախորհրդարանը, որպեսզի անցնի հաստատման ֆորմալ գործընթաց։
Այս որոշումը, ըստ էության, ԵՄ-ի հակազդումն է Ռուսաստանի կողմից ժամանակավորապես գրավված ուկրաինական տարածքների բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրման պրակտիկայի։ Հաշվի է առնված նաեւ 2008 թվականին Ռուսաստանի կողմից միակողմանի կերպով Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը։
Ըստ որոշման՝ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես գրավված Ուկրաինայի եւ Վրաստանի ռեգիոնների բնակիչներին տրված փաստաթղթերը օրինական չեն համարվելու ճանապարհորդությունների, մասնավորապես՝ Շենգենյան գոտու վիզա ստանալու համար։ Այդ փաստաթղթերը ԵՄ անդամ պետությունների մեծ մասն իրենց ազգային օրենսդրություններում արդեն իսկ օրինական չի ճանաչել։ Եվրոպական այլ երկրներում էլ նույն գործընթացն է։
Պատրաստեց Արման Գրիգորյանը