Հետազոտությունների պատմության ընթացքում անցած ամառը եղել է ռեկորդային շոգ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կլիմայի փոփոխության եվրոպական մոնիտորինգի Copernicus կենտրոնի տվյալները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հունիս-օգոստոս ամիսներին օդի մակերեւութային գլոբալ ջերմաստիճանը 0,69 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջինից՝ գերազանցելով 2023 թվականին սահմանված նախկին առավելագույնը:
Եվրոպայում հունիսից օգոստոս ընկած ժամանակահտվածում օդի ջերմաստիճանը 1,54 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ցուցանիշից: Ամենածայրահեղ պայմանները գրանցվել են Միջերկրական ծովի տարածաշրջանում եւ Արեւելյան Եվրոպայում։
BBC News-ը նշում է, որ այս ամառ Եվրոպայում ջերմաստիճանի որոշ ռեկորդներ են գրանցվել: Մասնավորապես, Ավստրիան, Իսպանիան եւ Ֆինլանդիան գրանցել են ամենաշոգ օգոստոսը այս երկրներում կատարվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
«Ջերմաստիճանի ռեկորդային այս շղթան մեծացնում է հավանականությունը, որ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենաշոգ տարին: Այս ամառ տեղի ունեցած էքստրեմալ ջերմաստիճանային իրադարձությունները միայն կուժեղանան՝ ավելի կործանարար հետեւանքներով մարդկանց եւ մոլորակի համար, եթե մենք շտապ քայլեր չձեռնարկենք ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար», — ասել է Copernicus-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամանտա Բուրջեսը: